Մատչելի հղումներ

Պուտին. «Վոլգոգրադի պայթյուններին որևէ արդարացում չկա»


«Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ ունեին հանցագործների գործողությունները, որևէ արդարացում չկա խաղաղ բնակչության, մասնավորապես՝ կանանց և երեխաների դեմ ուղղված հանցագործություններին»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է երկրի հարավային Վոլգոգրադ քաղաքը, որտեղ այս շաբաթ տեղի էին ունեցել 34 մարդու կյանքը խլած երկու ռմբակոծությունները:

Նախագահ Պուտինը չորեքշաբթի օրը ծաղիկներ է դրել ռմբակոծություններից մեկի վայրում, ինչպես նաև այցելել հիվանդանոցում բուժում անցնող՝ հարձակումների հետևանքով վնասվածքներ ստացած մարդկանց:

Նույն օրը երկրի ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնյաների հետ հանդիպումից առաջ արված հայտարարության մեջ Ռուսաստանի նախագահն ասել է, որ Վոլգոգրադում իրականացված հարձակումներին որևէ արդարացում չկա:

«Այստեղ՝ Վոլգոգրադում իրականացված գարշելի հանցագործությունները որևէ մեկնաբանությունների կարիքը չունեն: Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ ունեին հանցագործների գործողությունները, որևէ արդարացում չկա խաղաղ բնակչության, մասնավորապես՝ կանանց և երեխաների դեմ ուղղված հանցագործություններին», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը նախօրեին խոստացել էր մինչև վերջ տանել ահաբեկչության դեմ պայքարը՝ ասելով, որ Ռուսաստանն ամենապատասխանատու պահերին միշտ եղել է միացյալ և համախմբված:

Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանում տեղի ունեցած ռմբակոծություններից հետո վստահություն է հայտնել, որ երկրի իշխանություններն ունակ են ապահովելու Սոչիում այս տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խազերի անվտանգությունը:
XS
SM
MD
LG