Մատչելի հղումներ

Պուտին. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել քաղաքական միջոցներով»


«Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է հակամարտության շուտափույթ կարգավորման, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցների կիրառմամբ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդիր լուծումը հնարավոր է միայն քաղաքական եղանակով:

Այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ ասել է Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ անցկացված բանակցություններին հետևած լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

«Բանակցությունների ընթացքում մենք անդրադարձել ենք միջազգային հրատապ խնդիրներին, այդ թվում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է հակամարտության շուտափույթ կարգավորման, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցների կիրառմամբ», - ասել է Պուտինը՝ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Պուտինը, բացի այդ, սատարել է Կասպից ծովի տարածաշրջանում առկա խնդիրների, այդ թվում՝ կապված սահմանազատման և շրջակա միջավայրի պահպանման հետ, լուծումը՝ ելնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից:

Ադրբեջանի նախագահն իր հերթին Պուտինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից:

«Լուծման հիմքում պետք է ընկած լինեն պատմական արդարությունը, միջազգային իրավունքն ու միջազգային կազմակերպությունների որոշումներն ու բանաձևերը: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում», - ասել է Ալիևը:
XS
SM
MD
LG