Մատչելի հղումներ

Պուտինը հորդորել է «համապարփակ» երկխոսություն անցկացնել Ուկրաինայում


Նախագահ Պուտինը Մոսկվայում կիրակի օրն անցկացված ասուլիսի ժամանակ ասել է, թե ողջունում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից հայտարարված զինադադարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է «համապարփակ» երկխոսություն մեկնարկել Ուկրաինայի արևելքում չդադարող ճգնաժամի մասնակից բոլոր կողմերի միջև:

Նախագահ Պուտինը Մոսկվայում կիրակի օրը հանդես գալով լրագրողների առջև նշել է, թե ողջունում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից հայտարարված զինադադարը:

Ռուսաստանի նախագահն ասել է սակայն, որ «ցավոք սրտի» ուկրաինական կողմից շաբաթ օրը բացվել էր հրետանային կրակ՝ նախագահ Պորոշենկոյի կողմից միակողմանի զինադադար հայտարարելուց մեկ օր անց:

Ուկրաինայի սահմանապահ ծառայության համաձայն, ռուսաստանամետ զինյալները հարձակում էին իրականացրել Դոնեցկի մարզում գտնվող ծառայության հենակետերից մեկի ուղղությամբ նախագահ Պորոշենկոյի կողմից միակողմանի զինադադար հայտարարելուց ժամեր անց: Այս հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել Ուկրաինայի առնվազն երեք զինծառայող:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նախօրեին ներկայացրել էր խաղաղության իր ծրագրի մանրամասները՝ հորդորելով բոլոր կողմերին աջակցություն ցուցաբերել այս ծրագրի իրականացմանն ու երկխոսության միջոցով կարգավորել իրենց միջև առկա տարբերությունները:

Ռուսաստանամետ անջատողականներն իրենց հերթին մերժել են Ուկրաինայի նախագահի կողմից առաջարկված խաղաղության ծրագիրը:

Նախագահ Պուտինը նախօրեին կարգադրել էր «ամբողջական մարտական պատրաստվածության» բերել Ռուսաստանի կենտրոնում տեղակայված ռազմական ստորաբաժանումները՝ արտապլանային զորավարժություններ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, նոր զորավարժություններին կմասնակցի ավելի քան 65 հազար զինծառայող:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը վերսկսել է զինված ուժերի ստորաբաժանումների ավելացումն Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:
XS
SM
MD
LG