Մատչելի հղումներ

«Հայաստանում Ռուսաստանի նախագահին բողոքի ցույցերով են դիմավորել»


Նախագահ Պուտինը Հայաստան կատարված այցի ընթացքում աներկիմաստ նշել է, որ Մոսկվան ցանկանում է ավելացնել իր ազդեցությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ընկած ռազմավարական տարածաշրջանում

«Մոտ 500 մարդ բողոքի երթով անցել են Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնով՝ քննադատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան և արտահայտելով իրենց բողոքը Ռուսաստանի կողմից ստեղծված Մաքսային միությանը միանալու ծրագրերի հանգամանքով»:

Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը, որի համաձայն Երևանի կենտրոնում անցկացված երթի մասնակիցների ձեռքում կային «Պուտին, գնա տուն» և «Ո՛չ՝ ԽՍՀՄ-ին» պաստառներ, որոնցով բողոքի ակցիայի մասնակիցներն անդրադարձել են Ռուսաստանի նախագահի կողմից խորհրդային նախկին երկրները տնտեսական և անվտանգության դաշինքների միջոցով միավորելուն ուղղված գործողություններին:

«Ռույթերս»-ի փոխանցմամբ, Հայաստանի ոստիկանության ուժերն արգելափակել են Երևանի կենտրոնական փողոցները, երբ բողոքի երթի մասնակիցները շարժվել են դեպի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: Ցուցարարներն իշխանություններին նամակ են փոխանցել, որտեղ հորդորել են չեղյալ հայտարարել Մաքսային միության միանալու մասին որոշումը:

Արևմուտքում Կրեմլի քննադատները մեղադրում են Պուտինին Ուկրաինայի, Հայաստանի և խորհրդային նախկին պետությունների վրա ճնշում գործադրելու մեջ, որն ուղղված է՝ վերջիններիս կողմից Եվրամիության հետ առևտրի համաձայնագրի կնքումը խարխլելուն և փոխարենը տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ կառուցելուն:

Նախագահ Պուտինը Հայաստան կատարված այցի ընթացքում աներկիմաստ նշել է, որ Մոսկվան ցանկանում է ավելացնել իր ազդեցությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ընկած ռազմավարական տարածաշրջանում, որտեղ գտնվում են նաև Կասպից ծովի ավազանի նավթի զգալի պաշարներ:

«Մենք կամրապնդենք մեր դիրքերը Հարավային Կովկասում՝ հիմք ընդունելով լավագույնը, ինչ ժառանգել ենք մեր նախնիներից և տարածաշրջանի բոլոր պետությունների հետ բարյացակամ հարաբերություններից», - ասել է Պուտինը Գյումրիում անցկացված Ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի ժամանակ:

Ըստ Ռուսաստանի նախագահի, «Մաքսային միությունում մասնակցությունից արդեն իսկ շոշափելի օգուտ են քաղում Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»:

«Ռուսաստանը Հայաստանի արտաքին ամենամեծ ներդրողն ու առևտրային գործընկերն է: Երկկողմանի առևտուրն անցյալ տարի աճել է 22 տոկոսով և հասել 1,2 միլիարդ դոլարի՝ հիմնականում Հայաստան ներմուծվող ապրանքների հաշվին», - մատնանշում է գործակալությունը՝ հիշեցնելով նաև, որ երեք տարի առաջ Ռուսաստանը, ամրապնդելով Հարավային Կովկասում իր ներկայությունը, մինչև 2044 թվականը երկարաձգել է իր ռազմակայանի վարձակալությունը:
XS
SM
MD
LG