Մատչելի հղումներ

Մոսկվա է այցելել Ճապոնիայի վարչապետը


Ճապոնիայի վարչապետը նախատեսում է այցելություն կատարել նաև Թուրքիա, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիություններ, որոնց նպատակը հիմնականում գործարար հարաբերությունների ստեղծումն է

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից մնացած տարածքային վեճը կարգավորելու նպատակով:

Մոսկվայում երկուշաբթի օրն անցկացվող բանակցությունների ընթացքում Աբեն ու Պուտինի քննարկման առարկան են դարձել Ճապոնիա Ռուսաստանում արդյունահանված բնական գազի ներմուծումը, ինչպես նաև հետագա առևտրային և դիվանագիտական հարաբերությունների համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը, քանի որ երկու պետությունների միջև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, 2010 թվականին դարձել էր Ռուսաստանի և Ճապոնիայի միջև տարածքային վեճի առարկա Կուրիլյան կղզիներն այցելած առաջին նախագահը՝ առաջացնելով Ճապոնիայի զայրույթը:

Փորձագետների համաձայն, չնայած չի սպասվում, որ Ճապոնիայի վարչապետի այս այցի ընթացքում հնարավոր կլինի լուծում տալ երկու պետությունների միջև առկա տարածքային վեճերին, այնուամենայնիվ այցը դիտվում է որպես նշան այն բանի, որ մոտակա ապագայում երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է հնարավոր լինել:

Ճապոնիայի վարչապետը, բացի այդ, նախատեսում է այցելություն կատարել նաև Թուրքիա, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիություններ, որոնց նպատակը հիմնականում գործարար հարաբերությունների ստեղծումն է:

Թուրքիա կայանալիք այցի ընթացքում Ճապոնիայի վարչապետը կփորձի համաձայնություն ձեռք բերել այս երկիր Ճապոնիայի միջուկային տեխնոլոգիաների ներմուծման վերաբերյալ:

Սպասվում է, որ Թուրքիայում երկրորդ ատոմակայանի կառուցման մրցույթում հաղթող կարող է ճանաչվել Ճապոնիայի «Mitsubishi Heavy Industries Ltd» ընկերությունը:
XS
SM
MD
LG