Մատչելի հղումներ

Եգիպտոսում չեն դադարում բողոքի ցույցերը


Նախագահ Մորսին հայտարարել իր լիազորություններն ընդլայնելու մասին որոշման որոշ տարրերի պահպանման անհրաժեշտության մասին

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի, որը մի քանի ժամ առաջ հայտնել է երկրի դատական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին, թե նախագահական լիազորություններն ընդլայնելու մասին որոշման որոշ տարրեր պետք է պահպանվեն:

Նախագահի ձեռքերում իշխանության կենտրոնացման դեմ իրենց բողոքն արտահայտող ցուցարարները երեքշաբթի օրվա սկզբին բախվել են ոստիկանության ուժերի հետ: Բախումների ընթացքում ոստիկանության ուղղությամբ ցուցարարները նետել են դյուրավառ հեղուկով լցված շշեր և քարեր:

Եգիպտոսի նախագահը երկուշաբթի օրը խոստացել է երկրի Դատական գերագույն խորհրդին, որ կսահմանափակի իրեն տրված լիազորությունները պետության ինքնիշխանության հետ կապված հարցերով: Նախագահը սակայն չի սահմանել «պետության ինքնիշխանության հետ կապված հարցերը», որոնցում ինքը նախատեսում է բացարձակ իշխանություն պահպանել:

Ընդդիմության կազմակերպությունները պահանջել են, որ Եգիպտոսի նախագահը չեղյալ հայտարարի նոյեմբերի 22-ին իրեն բացարձակ իրավունքներ վերապահելու մասին արձակած հրամանագիրը: Նախագահին ընդդիմադիրները մեղադրում են 2011 թվականին տեղի ունեցած ապստամբության արդյունքում պաշտոնաթող եղած երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ունեցած բռնապետական իշխանության օրինակով իշխանություն ստանալու փորձեր կատարելու մեջ:

Եգիպտոսի ընդդիմությունը, բացի այդ, երկուշաբթի օրը դատական կարգով է բողոքարկել նախագահ Մորսիի հրամանագիրը՝ հայցադիմումներ ներկայացնելով վարչական դատարան, որը նախատեսում է հայցադիմումների քննությունն անցկացնել դեկտեմբերի 4-ին:

Իշխանությունների համաձայն, նախագահ Մորսիի հրամանագրի պատճառով հրահրված բախումների հետևանքով զոհվել է իսլամիստական մեկ ակտիվիստ, վնասվածքներ է ստացել առնվազն 370 մարդ:
XS
SM
MD
LG