Մատչելի հղումներ

Կիևում բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է իննի


Ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հորդորել է կանանց և երեխաներին հեռանալ Մայդանում գտնվող ցուցարարների ճամբարից՝ մտավախություն ունենալով, որ ոստիկանության ուժերը կարող են իրականացնել ճամբարի գրոհը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կառավարության շենքի մոտակայքում երեքշաբթի օրը ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև կատաղի բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն իննի:

Երկրի ոստիկանության տեղեկությունների համաձայն, բռնությունների հետևանքով զոհվել է քաղաքացիական յոթ անձ, որոնցից մի քանիսը՝ հրազենային կրակոցներից, ինչպես նաև ոստիկանության երկու ծառայող, որոնց մահը վրա է հասել հրազենից ստացված վնասվածքների պատճառով:

Ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախումները բռնկվել էին այն բանից հետո, երբ ոստիկանության ուժերը դադարեցրել էին ցուցարարների երթը դեպի երկրի խորհրդարանի շենքը:

Տեղից ստացվող հաղորդագրությունների համաձայն, բախումների հետևանքով ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանության ծառայությունների շրջանում վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:

Ականատեսների համաձայն, ոստիկանության կողմից ցուցարարների երթը խոչընդոտելուց հետո ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչին ի պատասխան վերջիններս կիրառել են ծխային ռումբեր ու ռետինե գնդակներ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն ու ազգային անվտանգության գործակալությունը համատեղ հայտարարության մեջ նշել են, թե խռովությունները չդադարելու դեպքում նրանք «ստիպված կլինեն հասարակական կարգի պահպանման համար ձեռնարկել օրինական բոլոր միջոցները»:

Ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հորդորել է կանանց և երեխաներին հեռանալ Մայդանում գտնվող ցուցարարների ճամբարից՝ մտավախություն ունենալով, որ ոստիկանության ուժերը կարող են իրականացնել ճամբարի գրոհը:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեքշաբթի օրը խորը անհանգստություն է արտահայտել Կիևում իրավիճակի սրման կապակցությամբ և դատապարտել բոլոր տեսակի բռնությունների կիրառումը:

Էշթոնը հորդորել է Ուկրաինայի քաղաքական գործիչներին «կարգավորել ճգնաժամին հանգեցրած արմատական խնդիրները»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Կիևում տեղի ունեցած բռնություններին, տարածել է հաղորդագրություն, որի համաձայն «Կիևի կենտրոնում գրանցվել է այնտեղ տիրող մթնոլորտի կտրուկ սրում»:

Հաղորդագրության մեջ Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների համար պատասխանատվությունը դրել են Արևմուտքի պետությունների կառավարությունների վրա՝ մեղադրելով վերջիններիս «ցուցարարների շրջանում գործող ծայրահեղական ուժերը խրախուսելու մեջ»:

Ռուսաստանի իշխանությունները նախօրեին հայտնել էին, թե նախատեսում են Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2 միլիարդ դոլար՝ սատարելու համար ծանր կացության մեջ գտնվող տնտեսությունը: Շատերն այս քայլը գնահատում են որպես Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության ամրապնդմանն ուղղված քայլ:

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Մոսկվայի կողմից Ուկրաինայի «եվրոբոնդերի» գնումը կատարվել է՝ ի լրումն անցյալ տարի 3 միլիարդ դոլար արժողությամբ գնված «եվրոբոնդերի», և կազմում է Ռուսաստանի կողմից Ուկրաինային խոստացած 15 միլիարդ դոլար ծավալով վարկի մասերից մեկը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը երկուշաբթի օրը հանդիպում էր ունեցել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների Վիտալի Կլիչկոյի և Արսենիյ Յացենյուկի հետ:

Մերքելի խոսնակի համաձայն, կանցլերը «կարեկցանք է արտահայտել Ուկրաինայի ժողովրդի օրինական մտահոգությունների կապակցությամբ», սակայն չի սատարել Ուկրաինայի դեմ ներկայում պատժամիջոցներ սահմանելու մասին կոչերը:
XS
SM
MD
LG