Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման նախատեսում է 19%-ով կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը


Նախագահ Օբաման նախատեսում է 19%-ով կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը
Նախագահ Օբաման նախատեսում է 19%-ով կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ-ի նախագահը, ներկայացնելով իր ներկայիս պաշտոնավարման ժամանակաշրջանի բյուջեի վերջին նախագիծը, կոչ է արել կտրուկ՝ 19%-ով կրճատել Հայաստանի տրամադրվող օգնությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման 2013 ֆինանսական տարվա համար առաջարկել է Հայաստանին Տնտեսական աջակցության հիմնադրամի գծով հատկացնել 27 միլիոն 219 հազար դոլար կազմող գումար, ինչը 32%-ով պակաս է 2012 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հաստատված 40 միլիոն դոլար կազմող օգնությունից:

Նախագահ Օբամայի կողմից 2013 ֆինանսական տարվա համար առաջարկված գումարը սակայն չի ներառում Թմրանյութերի միջազգային վերահսկման և օրինապահ մարմիններին տրամադրվող աջակցության և Առողջապահական գլոբալ ծրագրերի (ԱՄՆ ՄԶԿ) գծով տրամադրվող օգնության ծավալը, որոնք, համապատասխանաբար, կազմում են 2 միլիոն 824 հազար և 2 միլիոն 500 հազար դոլար:

Այս երկու հատկացումները, Հայաստանին Տնտեսական աջակցության հիմնադրամի գծով հատկացվող 27 միլիոն 219 հազար դոլար կազմող գումարի հետ մեկտեղ, կազմում են 32 միլիոն 543 հազար դոլար, ինչը 19%-ով պակաս է 2012 ֆինանսական տարվա համար հաստատված գումարից:

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության, ապա նախագահ Օբամայի վարչակազմը պահպանել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և ուսուցման գծով Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող գումարների հավասարությունը՝ յուրաքանչյուր պետության համար առաջարկելով հատկացնել համապատասխանաբար 2,7 միլիոն և 600 հազար դոլար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համաձայն, ԱՄՆ-ի նախագահի կողմից ներկայացված բյուջեի նախագիծը սակայն չի ներառել Լեռնային Ղարաբաղին հատկացվող գումարների մասին տեղեկություններ՝ չնայած այն հանգամանքի, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԾ-ն այս նպատակներով հատկացրել է 2 միլիոն դոլար:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսին է ներկայացրել 2013 թվականի դաշնային բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսել է ավելի բարձր հարկեր սահմանել հարուստների և կորպորացիաների նկատմամբ, ինչպես նաև կրճատումներ կատարել կառավարական բազմաթիվ ծրագրերում:

Հանդես գալով Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող համայնքային ուսումնական հաստատություններից մեկում՝ նախագահ Օբաման նշել է, թե նախատեսում է ավելացնել լավ աշխատանք գտնելու համար ուսանողներին անհրաժեշտ տեխնիկական հմտությունների ձեռքբերմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:

Օբամայի համաձայն, 3,8 տրիլիոն դոլար կազմող ծախսային ծրագրի կարճաժամկետ նպատակներից է տնտեսության զարգացման խթանումը, իսկ երկարաժամկետ նպատակն է՝ գալիք տասը տարվա ընթացքում մոտ 4 միլիարդ դոլարով կրճատել դաշնային բյուջեի պակասորդը:

Նախագահ Օբաման առաջարկել է երկարաժամկետում՝ գալիք տասը տարվա ընթացքում, 1,5 տրիլիոն դոլարով բարձրացնել հարուստ ամերիկացիներից և խոշոր ընկերություններից գանձվող հարկերի ծավալը և կրճատել կառավարական ծախսերը:

Ներկայացված բյուջեով նախատեսվում է, որ գալիք տարվա ընթացքում բյուջեի պակասորդը կկազմի 1,3 տրիլիոն դոլար:

XS
SM
MD
LG