Պաղեստինցի պաշտոնյաները սպառնում են հրաժարվել Իսրայելի հետ խաղաղության բանակցություններից, եթե վերջինս շարունակի հրեական նոր թաղամասերի շինարարությունը։
Պաղեստինցի գլխավոր բանագնաց Սայեբ Էրեքաթն ասել է, որ խաղաղության բանակցությունների ապագան կախված է բնակավայրերի շինարարությունը վերսկսելու մասին Իսրայելի որոշումից։ Շինարարության վրա սահմանված մորատորիումի վերջնաժամկետը լրանում է սեպտեմբերի 26–ին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդում է, որ բանակցությունների անցկացման համար չպետք է լինի որևէ նախապայման։
Կողմերն ընդունել են սեպտեմբերին Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարների մասնակցությամբ Վաշինգտոնում բանակցությունները վերսկսելու մասին ԱՄՆ–ի առաջարկությունը։
ԱՄՆ–ի պաշտոնյաների համաձայն, բանակցությունների վերջնական նպատակն է Պաղեստինյան առանձին պետություն ստեղծելը։ Նրանք հույս են հայտնում, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում։
Պաղեստինյան «Համաս» խմբավորումը, որն իշխում է Գազայի, բանակցություններին չի մասնակցում և դատապարտում է դրանց անցկացումը։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է անմիջական բանակցությունների վերսկսումը։ Շաբաթ օրը ՄԱԿ–ի ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունում ասվում է, որ հարկավոր չէ բաց թողնել ստեղծված լավ հնարավորությունը։