Պակիստանի իշխանությունները որոշում են կայացրել բոյկոտելու Աֆղանստանի ապագայի վերաբերյալ կայանալիք համաժողովը ՝ արտահայտելով իրենց բողոքը ՆԱՏՕ-ի կողմից իրականացված օդային հարձակմամբ, որի պատճառով անցյալ շաբաթ Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանի մոտակայքում զոհվել է այս երկրի 24 զինծառայող:
Պակիստանի պաշտոնական անձանց համաձայն, երկրի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին համաժողովը բոյկոտելու մասին որոշում է ընդունել երեքշաբթի օրը Լահորում կայացած հանդիպման ժամանակ:
Աֆղանստանի ապագայի շուրջ համաժողովը կայանալու է Գերմանիայի Բոնն քաղաքում հաջորդ երկուշաբթի: Միացյալ Նահանգների և Աֆղանստանի պաշտոնատար անձինք հորդորել են Պակիստանին մասնակցել այս համաժողովին, որը նպատակ է հետապնդելու մշակել Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու ծրագիր՝ հաջորդ տարի ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները Աֆղանստանից դուրս բերելուց հետո:
ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Պակիստանի զայրույթը ՆԱՏՕ-ի կողմից իրականացված օդային հարձակմամբ արդարացված է:
Գեներալ Դեմփսին սակայն հրաժարվել է ներողություն խնդրելուց՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ի զինված ուժերը երկուշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանամերձ գոտում տեղի ունեցած պատահարի հետաքննություն իրականացնելու է բրիգադային գեներալ Ստիվեն Քլարքը, որն աշխատելու է ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Աֆղանստանի և Պակիստանի իշխանությունների հետ՝ նման իրավիճակներ ապագայում կանխարգելելու ուղղությամբ:
Բրիգադային գեներալ Քլարքի ղեկավարությամբ իրականացվող հետաքննության նախնական արդյունքների մասին զեկույցը պետք է ներկայացվի դեկտեմբերի 23-ին: