Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ տարածաշրջան կատարված այցի արդյունքներով


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ տարածաշրջան կատարված այցի արդյունքներով
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ տարածաշրջան կատարված այցի արդյունքներով

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու հոկտեմբերի 21-ից-24-ը կատարված իրենց այցի արդյունքներով Ադրբեջանի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին հանդես են եկել հայտարարությամբ:

Համանախագահների կողմից հրապարակված հայտարարությունում մասնավորապես ասված է, որ համանախագահները կողմերի հետ անցկացված հանդիպումների ընթացքում շեշտել են բանակցությունների մթնոլորտը բարելավելու, կողմերի միջև վստահությունը և զինադադարի ռեժիմի պահպանումն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված գործընթացում առաջընթաց գրանցելու նպատակով:

Հայտարարությունում նշվել է, որ համանախագահները կողմերի միջև տարբեր բնագավառներում վստահությունն ամրապնդելուն ուղղված միջոցներ իրականացնելու մի քանի առաջարկություն են ներկայացրել: Կողմերը, ըստ հայտարարության, իրենց համաձայնությունն են տվել շփման գծի երկայնքով պատահարների հետաքննության մեխանիզմի նախագծին, որը նախագահներ Մեդվեդևը, Սարգսյանը և Ալիևն իրենց համաձայնությանն են արժանացրել Սոչիում մարտ ամսին անցկացված հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունում, և որը համանախագահները կողմերին են ներկայացրել այս տարվա ապրիլ ամսին:

Հաղորդագրության համաձայն, համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, մեծ մուֆտի շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, որոնց ընթացքում քննարկել են երկու պետությունների բնակչությանը հակամարտության արդար, երկարատև և խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու անհրաժեշտության:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 22-ին՝ վերջին տասնչորս ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամ ոտքով հատել են շփման գիծը:

«Շփման գծի հատման հանգամանքը կրկին ցույց է տվել, որ գիծը հարևան ժողովուրդների միջև մշտական արգելք չէ, և ապացուցել, որ բոլոր կողմերի ցանկության առկայության դեպքում հնարավոր է հասնել ռազմական համակարգման», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

Եզրափակելով հայտարարությունը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ կրկին կայցելեն տարածաշրջան նոյեմբեր ամսվա վերջին՝ վերոնշյալ միջոցառումները զարգացնելու և հակամարտության կողմերի միջև ապագա հանդիպումների համար ճանապարհը նախապատրաստելուն ուղղված հերթական քայլերն իրականացնելու համար:

XS
SM
MD
LG