«Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման հարյուրավոր մասնակիցները ցույց են անցկացնում Նյու Յորքում` շարժման երկամսակի օրը խոստանալով ցույց տալ, թե որքան է հզոր այս շարժումը:
Ցուցարարները խոստացել են խաթարել քաղաքի ֆինանսական թաղամասի աշխատանքը` հինգշաբթի օրը Նյու Յորքի ֆոնդային բորսայում ցույցեր անցկացնելու միջոցով, սակայն ոստիկանության բազմաթիվ ծառայողների ներկայությունը և այնտեղ առկա բարիկադները խոչընդոտում են ցուցարարների ծրագրերը:
Նյու Յորքի ոստիկանությունը երկու օր առաջ ձերբակալել է «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման 70 մասնակցի, որոնք հրաժարվել են լքել քաղաքի Մահնեթեն թաղամասում գտնվող՝ շարժման էպիկենտրոնը դարձած հանրային զբոսայգին:
Սաղավարտներ և վահաններ կրող ոստիկանության ծառայողների մեծ խումբը երեքշաբթի առավոտյան ստիպել է հարյուրավոր ցուցարարների լքեր Նյու Յորքի Զուկոտի զբոսայգին, ապամոնտաժել այգում կառուցված ժամանակավոր կացարանները, ինչպես նաև իրականացրել այգում գոյացած վրանային քաղաքում գոյացած աղբը:
Նյու Յորքի քաղաքապետարանի և զբոսայգու սեփականատերերի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, ցուցարարները ժամանակավորապես են էվակուացվել այգուց՝ «վրաններում գտնվողների առողջության համար, ինչպես նաև հրդեհի առաջացման վտանգի պատճառով»:
Նյու Յորքի քաղաքապետարանը հայտնել էր, թե զբոսայգու մաքրման աշխատանքներն իրականացնելուց հետո ցուցարարները կվերադառնան այնտեղ, սակայն նրանց թույլ չի տրվելու հետները բերել վրաններ և քնապարկեր:
Ոստիկանության կողմից «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման մասնակիցների վրանային ճամբարը վերացնելուց հետո ցուցարարները հայց են ներկայացրել դատարան` պահանջելով, որ իրենց թույլատրվի վերադառնալ զբոսայգի և այնտեղ դնել վրաններ և քնապարկեր օգտագործել: Դատավորի որոշման համաձայն սակայն, զբոսայգում վրաններ դնելու և քնապարկեր օգտագործելու արգելման մասին որոշումը չի խախտում ցուցարարների ազատ խոսքի սահմանադրական իրավունքը:
Դատարանի որոշման հետ իր համաձայնության մասին հայտնել է նաև Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը` ասելով, որ ազատ խոսքի իրավունքը չի ենթադրում հասարակության համար վտանգ ներկայացնող գործողությունների իրականացման կամ այլոց` հասարակական վայրից օգտվելու իրավունքի խախտման իրավունք: