Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու կոչ է արել


Հանրապետական կուսակցության ամենշաբաթյա ուղերձում Արկանզաս նահանգից կոնգրեսական Թոմ Քոթոնն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից իրականացվող քաղաքականությունը չափազանց ծախսատար է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգներում բոլորի համար հնարավորությունները վերականգնելու համար ամերիկացիներից յուրաքանչյուրը պետք է դիմի գործողությունների, և այդպիսի գործողությունների տարին պետք է դառնա 2014 թվականը:

Նախագահ Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում ասել է, որ իր կողմից վերջերս ստորագրված հրամանագրի համաձայն դաշնային կառավարության կապալառուները պետք է իրենց աշխատողներին վճարեն ժամում առնվազն 10,10 դոլար:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, արդեն մեկ տարի է անցել այն ժամանակից, երբ ինքը նվազագույն աշխատավարձը բարձրացնելու դիմում է ներկայացրել ԱՄՆ-ի կոնգրեսին, և այդ ժամանակից Միացյալ Նահանգների վեց նահանգ ընդունել է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքներ, և նման օրենքներ ընդունելու ուղղությամբ աշխատանքը շարունակում են ավելի մեծ թվով նահանգներ:

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացվել է այնպիսի օրինագիծ, որտեղ նախատեսվում է բարձրացնել ամերիկացիներին վճարվող նվազագույն աշխատավարձն առանց որևէ նոր հարկեր սահմանելու անհրաժեշտության:

Հանրապետական կուսակցության ամենշաբաթյա ուղերձում Արկանզաս նահանգից կոնգրեսական Թոմ Քոթոնն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից իրականացվող քաղաքականությունը չափազանց ծախսատար է: Կոնգրեսական Քոթոնն ասել է նաև, որ հանրապետականները ցանկանում են վերականգնել այն վնասը, որը նախագահ Օբաման հասցրել է Միացյալ Նահանգներին:
XS
SM
MD
LG