ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախատեսում է թմրամիջոցների վերաբերյալ քաղաքականությունն իրականացնելիս առավել մեծ շեշտ դնել կանխարգելման և բուժման, այլ ոչ թե զանգվածային ձերբակալությունների և թմրանյութեր չարաշահող անձանց բանտարկության վրա:
Նախագահ Օբամայի վարչակազմի նոր ռազմավարության մասին երեքշաբթի օրը հայտնել է Թմրամիջոցների վերահսկողության ազգային քաղաքականության գծով ԱՄՆ-ի Սպիտակ տան վարչության տնօրեն Ջիլ Քերլիկովսկեն: Նրա համաձայն, նոր քաղաքականության համաձայն թմրամոլությունը համարվելու է բուժման ենթակա հիվանդություն, այլ ոչ թե հանցագործություն, ինչը թույլ կտա վերջ տալ «հանցագործության կատարման, բանտարկության, ապա կրկնակի ձերբակալության պատճառը դարձող թմրամիջոցների օգտագործման անվերջ շրջանին»:
Քերլիկովսկեն ասել է նաև, թե եկել է ժամանակը գիտակցելու, որ «ձերբակալությունների միջոցով անհնար է լուծում գտնել թմրամոլության խնդրին»:
Թմրամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի Սպիտակ տար նոր ռազմավարության մասին հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում թմրամիջոցների օգտագործման նվազման պայմաններում: Քերլիկովսկեի գրասենյակի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հաշվետվության համաձայն, 2006-ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում կոկաին օգտագործումը նվազել է 40, իսկ մետամֆետամինի օգտագործումը՝ 50 տոկոսով:
Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների ղեկավարներ անցյալ շաբաթ անցկացված «Համաամերիկյան գագաթաժողովի» ընթացքում իրենց կասկածն են հայտնել Միացյալ Նահանգների կողմից իրականացվող «թմրամիջոցների դեմ պատերազմի» արդյունավետության վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սակայն հերքել է թմրամիջոցների օգտագործումն օրինականացնելու կոչերը, որոնցով հանդես են եկել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն և այլ պետությունների նախագահները: Նրանց համաձայն, թմրամիջոցների օգտագործման օրինականացումը ԱՄՆ-ի կողմից թմրամիջոցների դեմ վարվող պատերազմին առավել արդյունավետ և շատ ավելի քիչ ծախսեր պահանջող այլընտրանք է: