Մատչելի հղումներ

Օբամա. «2014-ը վճռական է ԱՄՆ-ի համար»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, 2014 թվականը պետք է դառնա «գործողությունների տարի», որի ընթացքում Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է զարկ տալ աշխատաշուկայի զարգացմանն ու ներգաղթի համակարգի բարելավմանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, 2014 թվականը պետք է դառնա «գործողությունների տարի», որի ընթացքում Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է զարկ տալ աշխատաշուկայի զարգացմանն ու ներգաղթի համակարգի բարելավմանը:

Նախագահ Օբաման ուրբաթ օրն անցկացված տարեվերջի մամուլի ասուլիսի ժամանակ գովասանքի խոսքեր է ուղղել Միացյալ Նահանգների տնտեսության վերջերս գրանցած առաջընթացին՝ հավելելով սակայն, որ պետք է անել ավելին՝ երկրի գործազրկության մակարդակը նվազեցնելու և արդեն երկար ժամանակ աշխատանք չունեցող անձանց գործազրկության նպաստների տրամադրումը նորացնելու ուղղությամբ:

Ասուլիսի ժամանակ Օբաման ասել է նաև, որ Միացյալ Նահանգների առողջության ապահովագրություն գնելու խարխլված համակարգի աշխատանքը բարելավվում է, և որ ԱՄՆ-ի Կոնգրեսում երկրի բյուջեի շուրջ վերջերս ձեռք բերված համաձայնությունը «վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չպետք է անվերջ փակուղու մեջ մնա»:

Լրագրողների հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահն առաջին տիկին Միշել Օբամայի և իր երկու դստրերի հետ կանցկացնեն Սուրբ Ծննդյան տոները: ԱՄՆ-ի նախագահի ընտանիքը կվերադառնա արձակուրդից ամանորյա տոներից հետո:

ԱՄՆ-ի քաղաքական վերլուծաբանների համաձայն, 2013 թվականը եղել է ամենավատ տարին նախագահ Օբամայի կողմից իր պաշտոնը զբաղեցնելու ժամանակից: Նրանց համաձայն, Միացյալ Նահանգների գործունեության գնահատականն այս տարի կտրուկ անկում է ապրել. «Սի-Էն-Էն» լրատվական գործակալության կողմից անցկացված նոր հարցման համաձայն, ամերիկացիների միայն 41 տոկոսն է հավանության արժանացնում նախագահ Օբամայի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում կատարված աշխատանքը, մինչդեռ հարցման մասնակիցների 56 տոկոսը քննադատում է այն:

Բարաք Օբաման հատկապես խիստ քննադատության է արժանացել առողջապահության ոլորտի իր կողմից առաջ քաշվող բարեփոխումների համար, որոնք ԱՄՆ-ում ստացել են «Օբամաքեյր» անվանումը: Առողջության ապահովագրության գնումներ կատարելու նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ստեղծված համացանցային կայքը մի քանի շաբաթվա ընթացքում բնականոն չէր աշխատում, և միայն տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաթիվ փորձագետների ներգրավվածությունը թույլ էր տվել վերջերս բարելավել կայքի աշխատանքը:

Նախագահ Օբաման, բացի այդ, դժկամորեն խոստովանել է, որ, հակառակ իր խոստումների, միլիոնավոր մարդիկ նույնիսկ ցանկության դեպքում չեն կարողանալու պահպանել առողջապահության ապահովագրության իրենց ունեցած հին պայմանագրերը:

Նախագահ Օբամայի վարկանիշին, բացի այդ, հարված էին հասցրել նաև Էդվարդ Սնոուդենի կողմից ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության զանգվածային գաղտնալսումների ծրագրի իրականացման մասին արված բացահայտումները: Սնոուդենի կողմից գաղտնի տեղեկությունների հրապարակումը ստիպել էր նախագահ Օբամային դեմ առ դեմ կանգնել բազմաթիվ ամերիկացիների այն մտահոգությունների հետ, որոնց համաձայն ԱՄՆ-ի պետական մարմինները «անցնում են թույլատրելի սահմանները»՝ Միացյալ Նահանգների դեմ ուղղված ահաբեկչական հարձակումների կանխարգելմանն ուղղված գործունեությունն իրականացնելիս:
XS
SM
MD
LG