Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման նախընտրական արշավը կշարունակի Օհայո և Փենսիլվանիա նահանգներում


ԱՄՆ-ի նախագահն ընտրարշավը վերսկսում է անցյալ շաբաթ տարած կարևոր հաղթանակից հետո

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի վերսկսելու է իր նախընտրական արշավը՝ երկօրյա այց կատարելով երկրում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում կարևոր նշանակություն ունեցող Օհայո և Փենսիլվանիա նահանգներ:

Այս երկու նահանգներում նախագահ Օբաման հաղթանակ էր տարել 2008 թվականի ընտրություններում, և հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ Օբաման չնչին առավելություն ունի իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի նկատմամբ:

ԱՄՆ-ի նախագահն ընտրարշավի ընթացքում կաշխատի զարգացնել միջին դասի աշխատավոր ամերիկացիների կարիքների մասին հոգ տանողի իր պատկերը՝ ի համեմատություն Միթ Ռոմնիի, որը քաղաքականությամբ զբաղվելուց առաջ ունևոր գործարար է եղել:

Նախագահ Օբաման ընտրարշավի ընթացքում սկսել է բարձրացնել հարցեր մասնավոր ներդրումային ընկերության ղեկավարի պաշտոնում Միթ Ռոմնիի գործունեության վերաբերյալ, որը, ըստ որոշ քննադատների, նպաստել է Միացյալ Նահանգներից դեպի արտերկիր աշխատատեղերի տեղափոխման:

ԱՄՆ-ի նախագահն իր ընտրարշավը վերսկսում է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կարևոր հաղթանակ է պարգևել նրան՝ 5՝ կողմ, 4՝ դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացնելով երկրի առողջապահական համակարգում բարեփոխումների իրականացման վիճահարույց ծրագիրը:

Այսպես կոչված «անհատական մանդատը» օրենքի դրույթ է, որն ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացուն կպարտադրի առողջության ապահովագրություն գնել՝ հակառակ դեպքում սահմանելով ֆինանսական պատժամիջոցներ: Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը այս հարցում միացել է դատարանի առավել ազատական դատավորներին՝ մեծամասնության կողմից ներկայացված կարծիքում նշելով, որ «քանի որ Սահմանադրությունը թույլ է տալիս նման հարկ, այն արգելելը կամ դրա խելամտությունն ու արդարությունը քննարկելը դատարանի դերը չէ»:

Նախագահ Օբաման որպես «ամբողջ երկրում ապրող մարդկանց համար» հաղթանակ է գնահատել Գերագույն դատարանի որոշումը:

Նա ասել է, որ այս օրենքի և այն սատարելու մասին Գերագույն դատարանի որոշման շնորհիվ մարդկանց կյանքը կդառնա առավել ապահով, իսկ դատարանի որոշմամբ վերահաստատեց այն, որ Միացյալ Նահանգներում՝ աշխարհի ամենահարուստ երկրում, որևէ հիվանդության կամ պատահարի արդյունքում ոչ մի ընտանիքի ֆինանսական բարեկեցությունը չպետք է քայքայվի:

ԱՄՆ-ում 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահ Օբամայի հիմնական մրցակից Միթ Ռոմնին խոստացել է չեղյալ հայտարարել այս օրենքը նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը:

«Օբամաքեյրը քաղաքական վատ որոշում էր երեկ: Այն քաղաքական վատ որոշում է մնացել այսօր», - ասել է Ռոմնին՝ զգուշացնելով, որ այս օրենքի ընդունման պատճառով մոտ 20 միլիոն ամերիկացի կարող են զրկվել իրենց նախընտրած առողջապահական ապահովության տեսակներից: Նրա համաձայն, օրենքը կարող է նաև դառնալ աշխատատեղերի կրճատման պատճառը:
XS
SM
MD
LG