Մատչելի հղումներ

Օբաման ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ասել է, որ Ուկրաինայում Մոսկվայի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են այս երկրի ինքնիշխանությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ասել է, որ Ուկրաինայում Մոսկվայի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են այս երկրի ինքնիշխանությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Օբամայի և Պուտինի միջև նախօրեին մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ի պատասխան Վաշինգտոնի ու իր դաշնակիցների կողմից ձեռնարկված միջոցառումներին:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Օբաման առաջարկել է դիվանագիտական մի քանի լուծում Ուկրաինայում շարունակվող առճակատման, որոնք, ըստ ԱՄՆ-ի նախագահի, կհամապատասխանեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի և միջազգային հանրության շահերին:

Որպես առճակատման լուծման մի մաս նախագահ Օբաման կոչ է արել անցկացնել Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ բանակցություններ՝ միջազգային հանրության միջնորդությամբ: Նախագահ Օբաման, բացի այդ, հորդորել է Ռուսաստանի ռազմակայաններ վերադարձնել իր զինված ուժերը, իսկ միջազգային դիտորդներին՝ ապահովել բոլոր, այդ թվում՝ ազգությամբ ռուս, ուկրաինացիների անվտանգությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին գալիք մի քանի օրվա ընթացքում կշարունակի քննարկումները Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի, Կիևի կառավարության և միջազգային այլ գործընկերների հետ:

Միացյալ Նահանգները նախօրեին մուտքի արտոնագրեր տրամադրելու սահմանափակումներ էր ընդունել Ռուսաստանի և Ղրիմի այն բնակիչների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, սպառնում են Ուկրաինային, ինչպես նաև արգելափակել է Ուկրաինային պատկանող ակտիվների դուրսբերումը Միացյալ Նահանգներից:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը տեղեկացրել էր, որ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր, որը թույլատրում է պատժամիջոցներ կիրառել «Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների կամ ինստիտուտների խարխլմանն ուղղված գործողությունների իրականացման համար պատասխանատու» կազմակերպությունների և անհատների նկատմամբ:

Նախագահ Օբամայի կողմից ստորագրված հրամանագրում չեն նշված այն անձանց անունները, որոնց ակտիվները նախատեսվում է սառեցնել: Այն սակայն կիրառվելու է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վատնել են Ուկրաինայի պետական միջոցները կամ վտանգում են Ուկրաինայի «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Եվրամիությունը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախկին կառավարության ակնառու 18 գործիչների, այդ թվում՝ երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի և իր ընտանիքի անդամների հաշիվների սառեցման որոշում ընդունելու մասին:
XS
SM
MD
LG