Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հանդիպելու է իսպանախոսների ազդեցիկ կազմակերպության ներկայացուցիչների հետ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի Ֆլորիդա նահանգում ուրբաթ օրը հանդիպում կանցկացնի երկրի իսպանախոս բնակիչների ազդեցիկ կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Օբաման «Լատինամերիկացի ընտրված և նշանակված պաշտոնյաների ազգային ասոցիացիա» կազմակերպության անդամների հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ ներկայացրել էր հրահանգ, որով նախատեսվում է հնարավորություն տալ ծնողների կողմից Միացյալ Նահանգներ բերված՝ փաստաթուղթ չունեցող անօրինական ներգաղթականներին երկրում մնալ առնվազն երկու տարի՝ պայմանով, որ վերջիններս պետք է հաճախեն ուսումնական հաստատություն կամ ծառայություն անցնեն բանակում:

Այս հրահանգը նման է նախկինում ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված, սակայն օրենսդիրների բավարար աջակցությունը չստացած «Երազանքների օրենքին»:

ԱՄՆ-ի նախագահի նոր նախաձեռնությունը դրական է ընդունվել Միացյալ Նահանգների իսպանախոս բնակիչների կողմից, որոնք երկրի ամենաարագ աճող էթնիկական խմբերից են և վճռորոշ դեր ունեն նախագահական ընտրությունների ընթացքում: Այսպես, 2008 թվականի ընտրություններում նախագահ Օբամայի թեկնածությանը կողմ է քվեարկել իսպանախոս բնակչության 67 տոկոսը: Այս ընտրապայքարում նախագահ Օբաման, հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնիի հետ համեմատած, կրկին վայելում է իսպանախոս բնակչության հիմնական մասի աջակցությունը:

Միթ Ռմոնին նույն կազմակերպության անդամների հետ հանդիպում է անցկացրել հինգշաբթի օրը, որի ընթացքում խոստացել է մշակել անօրինական ներգաղթյալների խնդրի հարատև լուծում, որը կփոխարինի նախագահ Օբամայի ժամանակավոր միջոցները, սակայն այս կապակցությամբ որևէ հստակ ձևակերպում չի ներկայացրել:
XS
SM
MD
LG