Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մինչև 2025 թվականը կկրկնապատկվի մեքենաների վառելիքի արդյունավետությունը


Նոր ստանդարտների համաձայն, ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաները չորս լիտր բենզին ծախսելով պետք է անցնեն 88 կիլոմետր

ԱՄՆ-ի Սպիտակ տունը վերջնականացրել է մինչև 2025 թվականը երկրում մարդատար և բեռնատար մեքենաների վառելիքի արդյունավետությունը գրեթե երկու անգամ բարձրացնելու ծրագրերը:

Նոր ստանդարտների համաձայն, ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաները չորս լիտր բենզին ծախսելով պետք է անցնեն 88 կիլոմետր:

Նոր կանոնները վերաբերում են 2017-ից մինչև 2025 թվականներն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում արտադրված մեքենաներին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգները արտերկրից ներմուծվող նավթից ազատելուն ուղղված կարևորագույն քայլ է անվանել նոր ցուցանիշների ընդունումը: Նրա համաձայն, վառելիքի արդյունավետության նոր ստանդարտները ամերիկացի վարորդներին պետք է հնարավորություն տան խնայելու մոտ 2 տրիլիոն դոլար և 12 միլիարդ տակառով նվազեցնել նավթի սպառումը Միացյալ Նահանգներում:

Ամերիկյան հիմնական երեք ավտոարտադրող ընկերությունները՝ «General Motors»-ը, «Ford»-ն ու «Chrysler»-ը, ինչպես նաև օտարերկրյա խոշոր այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Honda»-ն, «Kia» ու «Volvo»-ը, սատարել են նոր ստանդարտները:

Նոր ստանդարտների ընդունման դեմ են սակայն հանդես եկել որոշ հանրապետականներ, որոնց համաձայն դրանք կստիպեն ավտոարտադրողներին բարձրացնել նոր ավտոմեքենաների արժեքը՝ դարձնելով դրանց գինն անհասանելի միջին դասի բազմաթիվ սպառողների համար:
XS
SM
MD
LG