Մատչելի հղումներ

Օբամայի առջև կանգնած են պետական ծախսերին և հարկայն օրենսդրությանը վերաբերող հրատապ խնդիրներ


«Ֆինանսական ժայռը» կարող է դառնալ ԱՄՆ-ում տնտեսական նոր ճգնաժամի պատճառը

ԱՄՆ-ի նոր վերընտրված նախագահ Բարաք Օբամայի առջև կանգնած է Կոնգրեսի հետ համատեղ պետական ծախսերի և հարկերի վերաբերյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունը: Այս խնդիրները նախագահին անհրաժեշտ է լուծել մինչև գալիք տարվա հունվարին կայանալիք նախագահական երկրորդ ժամկետը ստանձնելու երդմնակալության արարողությունը:

Նախագահն ու ԱՄՆ-ի օրենսդիրները երկրին սպառնացող «ֆինանսական ժայռի»՝ հունվարի 1-ից նախատեսված 600 միլիարդ դոլար ծավալով պետական ծախսերի կրճատման և հարկերի ավելացման ինքնաբերաբար գործընթացի հետ կապված խնդիրների լուծումը հետաձգել են՝ նախատեսելով անդրադառնալ դրա կարգավորմանը նախագահական ընտրություններից հետո:

Օրենսդիրներն ու նախագահն այժմ պետք է մինչև այս տարվա ավարտը համաձայնության գան պետական ծախսերի և հարկադրման հարցում՝ «ֆինանսական ժայռը» գործողության մեջ մտնելուց խուսափելու նպատակով, կամ փոխարենն ընդունեն փոխզիջողական ցանկացած այլ լուծում, ինչը սակայն նրանց չի հաջողվել անցյալում:

Տնտեսական վերլուծաբանների համաձայն, այն դեպքում, եթե նախագահ Օբաման և Կոնգրեսը չհասնեն որևէ լուծման և գործողության մեջ մտնի ծախսերի կրճատման և հարկերի դրույքաչափի բարձրացման մասին օրենքը, ապա նման միջոցները կարող են դառնալ Միացյալ Նահանգների տնտեսությունում նոր ճգնաժամի պատճառը, քանի որ երկրի տնտեսական վերականգնումը տնտեսական խորը ճգնաժամից չի ընթանում բավականաչափ արագ:

«Ֆինանսական ժայռից» խուսափելուն ուղղված միջոցառումների շուրջ համաձայնության հասնելը նույնպես կարող է բավականին դժվար լինել: Այս միջոցառումը գալիք տարվա հունվարի 1-ից պարտադիր ուժի մեջ մտնելու մասին որոշումն ընդունվել է այն պատճառով, որ դեմոկրատական կուսակցության անդամ նախագահն ու հանրապետական կուսակցության հսկողության տակ գտնվող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջև վերջին երկու տարվա ընթացքում հարկային և պետական ծախսերի բազմաթիվ խնդիրների շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Ո՛չ նախագահը, ո՛չ էլ իր քաղաքական ընդդիմախոսները չեն ցանկանում, որ ուժի մեջ մտնեն «ֆինանսական ժայռ»-ի միջոցները:

«Ֆինանսական ժայռ»-ի վրա հասնելու հնարավորությունը ստեղծվել է որպես լծակ, որը կարող է մրցակից երկու կողմերին ստիպել համաձայնության գալ՝ միջև մինչև որոշակի վերջնաժամկետը:
XS
SM
MD
LG