Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման Իռլանդիայում մեկնարկել է եվրոպական այցը


Նախագահ Օբաման Իռլանդիայում մեկնարկել է եվրոպական այցը
Նախագահ Օբաման Իռլանդիայում մեկնարկել է եվրոպական այցը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը ժամանել է Իռլանդիա՝ մեկնարկելով վեցօրյա այցը, որի ընթացքում այցելելու է եվրոպական չորս երկիր։

Սպասվում է, որ եվրոպական պետությունների ղեկավարների հետ արտաքին քաղաքականությանը վերաբերող քննարկումների հիմնական թեմաներն են լինելու Լիբիայում շարունակվող խռովությունները և այս երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի դիրքերի ռմբակոծությունն իրականացնող ՆԱՏՕ-ի գործողություններում ԱՄՆ-ի դերը։ Նախագահ Օբաման եվրոպական գործընկերների հետ քննարկելու է նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնման գործում իրենց առջև ծառացած լրջագույն խնդիրները։

Հետագա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Ճապոնիայի նախագահ Նաոտո Կանի, ինչպես նաև աշխարհի այլ պետությունների ղեկավարների հետ՝ խմբային քննարկումների ժամանակ։

Նախագահ Օբաման Դուբլինում երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Իռլանդիայի նախագահ Մերի ՄըքԷլիսի և վարչապետ Էնդա Քեննիի հետ։ Նախագահը երեքշաբթի օրը երկօրյա այցով ուղևորվելու է Մեծ Բրիտանիա, որտեղ իրեն և ԱՄՆ-ի առաջին տիկնոջը հյուրընկալելու է թաղուհի Եղիսաբեթը, որից հետո Օբաման ուղևորվելու է Ֆրանսիա՝ մասնակցելու «Մեծ ութնյակի» հանդիպմանը։ Այցի ավարտին նախագահ Օբաման այցելելու է Լեհաստան՝ կենտրոնաեվրոպական պետությունների ղեկավարների հետ հանդիպում անցկացնելու համար։

Բարձրաստիճան հանդիպումներ անցկացնելուց առաջ նախագահ Օբաման Իռլանդիայում նախատեսում է այցելել 296 բնակիչ ունեցող Մոնեգալ շենը, որտեղ 1830 թվականին ծնվել և մինչև Միացյալ Նահանգներ տեղափոխվելն ապրել է իր մորական կողմի նախնիներից մեկը։

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հույս է հայտնել, որ այս այցելությամբ կընդգծվի Միացյալ Նահանգների հանձնառությունն իր եվրոպական դաշնակիցների նկատմամբ՝ չնայած Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին երկար ժամանակ տրվող մեծ ուշադրությանը։

XS
SM
MD
LG