Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման շնորհավորել է նախագահ Ալիևին


«Մենք պատրաստ ենք մնում ձեզ հետ աշխատելու՝ օգտագործելու համար պատմական հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորելու համար», - ասված է Օբամայի ուղերձում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորական ուղերձ է հղել՝ նախագահության երրորդ ժամկետի ստանձնման կապակցությամբ:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ նախատեսում է շարունակել երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության շուրջ ծավալված երկխոսությունը:

«Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի Հանրապետության սերտ համագործակցությունը ներառում է ինչպես երկկողմանի խնդիրների լայն շրջանակ, այնպես էլ համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում: Մենք գնահատում ենք Աֆղանստանի հարցում ձեր գործընկերությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի գործում մեր համագործակցությունը», - ասված է Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում:

ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ մասնավորապես նշելով. «Մենք պատրաստ ենք մնում ձեզ հետ աշխատելու՝ օգտագործելու համար պատմական հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորելու համար, և ողջունում ենք այս ամսվա վերջին հանդիպելու շուրջ Ձեր և նախագահ Սարգսյանի որոշումը: Մենք հավատարիմ ենք մնում Հարավային էներգետիկ միջանցքի զարգացման ջանքերին աջակցելու, տնտեսական բազմազանեցմանն ուղղված բարեփոխումները զարգացնելու և տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման մեր հանձնառության»:

Նախագահ Օբաման հույս է հայտնել, որ Ադրբեջանը կամրապնդի երկրի երկարատև կայունության և բարգվաճաման երաշխավորման համար մեծ կարևորություն ունեցող ժողովրդավարացման գործընթացները:

«Ինչպես նշել էինք ընտրություններից հետո, հորդորում ենք Ադրբեջանին ձեռնարկել հավաքների, ժողովների և արտահայտման ազատության իրավունքի նկատմամբ հարգանքի խորացմանն ուղղված քայլեր, խթանել քաղաքական բազմակարծությունը և դատական անկախությունը և ուժեղացնել ընտրական համակարգը: Այս ջանքերի գործադրումը թույլ կտա է՛լ ավելի խորացնել Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը», - նշել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման՝ Ադրբեջանի նախագահ Ալևին հասցեագրված իր ուղերձում:
XS
SM
MD
LG