ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը տոնում է իր 50-ամյակը, որից մի քանի օր առաջ իրեն հաջողվել է հանրապետականների հետ հասնել երկրի պետական պարտքի բարձրացման շուրջ համաձայնության՝ կանխելով երկրի պարտքային պարտավորություններով չվճարման հնարավորություն, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների տնտեսության համար:
«Ասիշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ այսօր ցերեկը նախագահ Օբամայի վարչակազմի ավագ անդամները ԱՄՆ-ի Սպիտակ տան Կապույտ սենյակում բարեմաղթանքներ են հղելու նախագահին, որից հետո նախագահը շարունակելու է տոնել իր հոբելյանը ընտանիքի և ընկերների շրջապատում:
Նախագահի տոնակատարությանը մասնակցող որոշ ընկերներ ժամանելու են Վաշինգտոն Օբամայի հարազատ Չիկագո քաղաքից:
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնատար անձանց համաձայն, ԱՄՆ-ի Սպիտակ տանը կայանալիք տոնակատարության բոլոր ծախսերը նախագահը հոգալու է անձամբ:
Նախըտրական պայքարի անհրաժեշտությունից ելնելով՝ Օբամաի ծննդյան 50-ամյակի տոնակատարությունը սկսվել էր մի փոքր ավելի վաղ Չիկագոյում, որտեղ չորեքշաբթի օրը կայացել է ֆինանսական միջոցների հայթայթման արարողությունը:
Այս արարողության ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը տեսակոնֆերանս է անցկացրել երկրի տարբեր վայրերում իր ծննդյան առթիվ միջոցառումներ անցկացնող աջակիցների հետ:
Նախագահ Օբաման ծնվել է 1961թվականի օգոստոսի 4-ին՝ 1946-ից մինչև 1964 թվականները տևած՝ «բեյբի բում» կոչված ժամանակաշրջանի ավարտին մոտ: Նա ԱՄՆ-ի արդեն երրորդ նախագահն է, ով պատկանում է «Բեյբի բումի» սերնդին:
Հայաստանի նախագահի Սերժ Սարգսյանը լրատվական գործակալության հաղորդագրության փոխանցմամբ, Հայաստանի նախագահը հինգշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Իր ուղերձում Սերժ Սարգսյանը բարձր գնահատել ԱՄՆ-ի նախագահի ջանքերը Հայստանի և Միացյալ Նահանգների երկրների միջև փոխշահավետ գործընկերության և բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահություն հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբևէ ամուր են:
«Մեր ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները և պետությունների միջև հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման և ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու և ավելի ամրապնդելու մեր երկրների միջև համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում» - ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ և կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ», - նշել է Հայաստանի նախագահը` եզրափակելով շնորհավորական իր ուղերձը: