Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակ՝ «Աստծո մասնիկի» գոյությունը հայտնագործած ֆիզիկոսներին


Ֆիզիկոսներ Հիգսն ու Էնգլերը 2013 թվականի Նոբելյան մրցանակակիր են դարձել «ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսական հայտնագործության համար»

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը որպես ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ է հայտարարել Ֆրանսուա Էնգլերտի և Փիթեր Հիգսի անունները։

Մեծ Բրիտանիայից ֆիզիկոս Փիթեր Հիգսն ու բելգիացի իր գործընկեր Ֆրանսուա Էնգլերը 2013 թվականի Նոբելյան մրցանակակիր են դարձել «ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսական հայտնագործության համար»:

Երկու գիտնականները հայտնի են «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի» հայտնագործության համար, քանի որ այս հայտնագործությունը հիմնավորում է մասնիկների ֆիզիկայի հիմնարար հասկացությունը՝ այսպես կոչված «Հիգսի դաշտը», որն իր հերթին հիմնավորում է ատոմների գոյությունը:

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունների հայտարարությունը երեքշաբթի օրը հետաձգվել է մեկ ժամով, ինչին սակայն որևէ բացատրություն չի տրվել:

Ֆրանուսա Էնգլերտը Բրյուսելի ազատ համալսարանի, իսկ Փիթեր Հիգսը՝ Էդինբուրգի համալսարանի պատվավոր դասախոսներ են: Գիտնականներն իրարից անկախ առաջ էին քաշել ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսությունը, որն ավելի ուշ՝ 2012 թվականին, հաստատվեց՝ «Աստծո մասնիկի» հայտնագործությամբ:

Հիշեցնենք, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկլոհմում բժշկության ոլորտում 2013 թվականի Նոբելյան մրցանակի շնորհմամբ նախօրեին մեկնարկել է Նոբելյան շաբաթը:

Շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան Նոբելյան մրցանակ է շնորհել ամերիկացի հետազոտողներ Ջեյմս Ռոթմանին և Ռենդի Շեքմանին և գերմանացի Թոմաս Զյուդոֆին՝ կենդանի բջիջներում վեզիկուլյար տրանսպորտը կարգավորող մեխանիզմներն ուսումնասիրելու համար:

Վաղը հայտնի կդառնա քիմիայի ոլորտի դափնեկիրը :Ըստ ավանդույթի, հինգշաբթի օրը շնորհվում է գրականության, իսկ ուրբաթ օրը՝ խաղաղության մրցանակը:

Նոբելյան շաբաթը կեզրափակվի Ստոկհոլմում հոկտեմբերի 14-ին՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհմամբ:
XS
SM
MD
LG