Մատչելի հղումներ

Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողությունն անցկացվել է հարազատ գյուղում


Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել Մանդելայի հարազատներն ու մերձավորները

Հարավային Աֆրիկայի սևամորթ առաջին նախագահ, ռասայական խտրականության դեմ պայքարի առաջնորդ Նելսոն Մանդելային թաղել են Հարավային Աֆրիկայի Արևելյան Քեյփ նահանգում գտնվող Մանդելայի հարազատ Քունու գյուղում:

Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել Մանդելայի հարազատներն ու մերձավորները:

Նելսոն Մանդելան վախճանվել էր դեկտեմբերի 6-ին՝ կյանքի 95-րդ տարում: Մանդելային հրաժեշտ տալու նպատակով Հարավային Աֆրիկյի Յոհաննեսբուրգ քաղաքն այցելել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի նախկին երեք նախագահների՝ Ջորջ Բուշ-կրտսերի, Բիլ Քլինթընի և Ջիմի Քարտերի հետ միասին:

89-ամյա Ջորջ Բուշ-ավագը սակայն չէր կարողացել այցելել Նելսոն Մանդելայի հիշատակի արարողությունը, քանի որ իր առողջությունն այլևս թուլ չի տալիս կատարել երկարատև ճանապարհորդություններ:

ԱՄՆ-ի սևամորթ առաջին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Նելսոն Մանդելայի մահվան մասին լուրերին, ասել էր, որ աշխարհը կորցրել է ամենահամարձակ և խորապես բարի մարդկանցից մեկին: Օբամայի համաձայն, ինքը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց Նելսոն Մանդելայի կողմից ցուցաբերված օրինակի:

Նելսոն Մանդելան գրեթե երեք տասնամյակ անցկացրել էր բանտում՝ Հարավային Աֆրիկայում սպիտակ փոքրամասնության կողմից սևամորթ բնակչության նկատմամբ պաշտոնական խտրականության քաղաքականությանը վերջ տալու նպատակով պայքար վարելու համար:

Ազատ արձակվելուց հետո Մանդելան դարձել է խաղաղության և ազգային հաշտության խորհրդանիշը, 1993 թվականին նրան շնորհվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը:

Բանտարկության ընթացքում Մանդելան վարակվել էր թոքախտով, ինչի հետևանքով վերջին յոթ տարվա ընթացքում նա բազմիցս տեղափոխվել էր հիվանդանոց՝ թոքային հիվանդության հետ կապված կրկնվող բարդությունների պատճառով:
XS
SM
MD
LG