Մատչելի հղումներ

ՆԱՏՕ. Ռուսաստանին պետք է դիտարկել որպես հակառակորդ


Ալեքսանդր Վերշբոու. Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայում տեղի ունեցող խռովությունների բերած մեքենայությունները պետք է հիմնովին փոփոխեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները

Ռուսաստանի հետ մոտ քսան տարի գործընկերություն հաստատելու փորձերից հետո ՆԱՏՕ-ն ներկայում անհրաժեշտ է համարում Մոսկվային դիտարկել որպես իր հակառակորդ:

Այս հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

«Ռուսաստանյան կողմը որպես հակառակորդ է հայտարարել ՆԱՏՕ-ին, այդ իսկ պատճառով մենք Ռուսաստանն այլևս պետք է դիտարկենք ոչ թե որպես գործընկեր, այլ որպես հակառակորդ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վերշբոուն:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ալեքսանդր Վերշբոուն ասել է նաև, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայում տեղի ունեցող խռովությունների բերած մեքենայությունները պետք է հիմնովին փոփոխեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:

«Կենտրոնական Եվրոպայում մենք հստակ տեսնում ենք եվրոպական անվտանգության համակարգի նկատմամբ երկու տարբեր տեսակետ: Մենք կողմ ենք հանդես գալիս ինքնիշխանության և Ռուսաստանի հետ հարևան պետությունների ազատ ընտրության, մինչդեռ Ռուսաստանը հստակ փորձում է նրանց պարտադրել իր գերիշխանությունը և սահմանափակել նրանց ինքնիշխանությունը՝ «ռուսական աշխարհի» պաշտպանության պատրվակի տակ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վերշբոուն տեղեկացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամների, մասնավորապես՝ բալթյան պետությունների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի կանխարգելման պաշտպանական միջոցների ձեռնարկումը՝ շեշտելով, որ դաշինքը «ցանկանում է վստահ լինել, որ ցանկաված, նույնիսկ անուղղակի վտանգի ստեղծման դեպքում օգնությունը տեղ կհասնի շատ արագ՝ անգամ տեղում հանգամանքները պարզելուց առաջ»:

Ըստ Վերշբոուի, այդ նպատակով ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի իր զինված ուժերի արձագանքի ժամանակը:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ներկայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Վերշբոուն ասել է նաև, որ դաշինքի հետագա հնարավոր քայլերից կարող է դառնալ Արևելյան Եվրոպայում մշտական կամ ռոտացիոն կարգով դաշնակից զորքերի ավելի խոշոր զորախմբի տեղակայումը:
XS
SM
MD
LG