Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն ամրապնդում է Թուրքիայի պաշտպանունակությունը


ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները դիտարկում են այն ուղիները, որոնք թույլ կտան ամրապնդել Թուրքիայի սահմանները:

Երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը մշակվում էին այն միջոցառումները, որոնք հնարավորություն կտան ավելի հզորացնել Թուրքիայի սահմանների պաշտպանությունը: Դրանց շարքում նախատեսվում է նաև դաշինքի ավելի մեծ թվով նավեր կենտրոնացնել Միջերկրական ծովում, ավելի մեծաթիվ մարտական ինքնաթիռներ՝ Ինջիրլիքի օդանավակայանում և հզորացնել հրթիռային պաշտպանության համակարգը Թուրքիայում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում պետք է որոշեն Թուրքիայի համար նախատեսվող այդ հատուկ միջոցառումները. «Սա մի ծրագիր է, որի վրա մենք սկսել ենք աշխատել դեռևս մինչև ռուսական ինքնաթիռի միջադեպը: Սա մեր անցյալ շաբաթվա նիստի հետ կապ չունի, մենք Թուրքիայի պաշտպանունակությունը բարձրացնելու խնդրի վրա արդեն մի քանի տարի է ինչ աշխատում ենք և շարունակելու ենք այդ աշխատանքները», - ասել է Սթոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ձգտում են խուսափել Սիրիայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներգրավվելուց: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը նշել է, որ թեև Թուրքիան ունի ինքնապաշտպանության իրավունք, Թուրքիան ու Ռուսաստանը պետք է թուլացնեն լարվածությունը և հիշեն, որ ընդհանուր թշնամի ունեն՝ «Իսլամական պետությունը»:

XS
SM
MD
LG