ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարներն ուրբաթ օրը հանդիպելու են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում` քննարկելու «Սառը պատերազմ»-ի ավարտից հետո նոր առաքելության, Աֆղանստանում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրները:
Սպասվում է, որ ՆԱՏՕ-ն կներկայացնի նոր «ռազմավարական հայեցակարգ», որում անդրադարձ է կատարվելու համաշխարհային անվտանգության այն մտահոգություններին, որոնք զգալիորեն փոխվել են` դաշինքի կողմից 11 տարի առաջ իր առաքելությունը վերջին անգամ վերանայելու ժամանակից ի վեր:
28 անդամ պետությունից կազմված Արևմտյան ռազմական դաշինքի նոր հայեցակարգը մշակել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախկին նախարար Մադլեն Օլբրայթի գլխավորած փորձագետների խումբը:
Իրավիճակն Աֆղանստանում նույնպես լինելու է երկօրյա գագաթաժողովի քննարկվող հիմնական խնդիրներից:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կներկայացնի ՆԱՏՕ-ի 130 հազար զինծառայողների դուրսբերման չորսամյա ծրագիրը, որը մեկնարկելու է հաջորդ տարի: Ծրագրով նախատեսվում է Աֆղանստանի անվտանգության ուժերին աստիճանաբար փոխանցել երկրում իրավիճակի վերահսկողությունը: