Գրեթե 27 միլիոն ամերիկացի տառապում է ոսկրահոդաբորբով, երբ հոդերում հեղուկի նվազման հետևանքով ոսկրերի շփումը սաստիկ ցավ է առաջացնում: Այս հիվանդության բուժման համար անհրաժեշտ է վիրահատություն անցկացնել, իսկ վերականգնման ժամանակաշրջանը երկար է տևում: Այժմ անհավանական թվացող աղբյուրից ստացված հեղուկի պարզ ներարկումը կարող է օգնել հիվանդներին:
Այոն Հարթունյանը եռամարտի մարզիչ էր, սակայն այսօր երջանիկ է, որ կարողանում է հաճույքի համար հեծանիվ վարել:
Այոնը զույգ կոնքազդրերում ոսկրահոդաբորբով է տառապում: Նույնիսկ պարզ գործողությունները, ասենք՝ համակարգչի դիմաց աշխատելը դժվարություն էր պատճառում նրա համար:
«Ես չէի կարող համակարգչի դիմաց նստել 20-30 րոպեից ավել՝ առանց հատակին պառկելու և ձգվելու», - ասում է Այոնը:
Ցավն այնքան ուժեղ էր, որ բժիշկները վիրահատություն առաջարկեցին, սակայն «Սինվիսկ» կոչվող ներարկումից հետո Այոնը հրաժարվեց վիրահատությունից: Սինվիկը պատրաստված է աքաղաղի կատարից, քանի որ կատարի սպիտակուցները նման են հոդերի հեղուկի սպիտակուցներին:
Հիվանդի ռենտգենային պատկերին նայելով՝ բժիշկները գույն են ներարկում, որպեսզի համոզված լինեն, որ ասեղը հիվանդ հոդի մեջ է: Ապա հենց այդ մասում ներարկում են աքաղաղի կատարից ստացված հեղուկը: Այն իրական աճառի նման յուղոտում և փափկացնում է այդ հատվածը:
Վեց ամիսը մեկ ներարկվող հեղուկը օգտագործվում է ծնկների և կոնքազդրերի հոդերի համար, սակայն հնարավոր է ներարկել ցանկացած հոդի մեջ: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս բուժումից հետո հիվանդների 75 տոկոսը կարողացել է հետաձգել ծնկի փոխպատվաստման վիրահատությունը: Ըստ բժիշկների, այս բուժումից հատկապես կշահեն երիտասարդ հիվանդները:
50 տարեկան հասակում ներարկումը ողջունելի տարբերակ էր Այոնի համար:
«Այն ինձ վերադարձրեց իմ սովորական կենսակերպը», - ասում է Այոնը:
Այժմ նա կարող է նստել, աշխատել ժամերով կամ մեքենա վարել քաղաքում:
Ներարկումը սակայն մի փոքր վտանգավոր է, քանի որ սխալ հատվածում ներարկում կատարելը կարող է ցավ և բորբոքում առաջացնել, սակայն, բժիշկների հավաստմամբ, դա հազվադեպ է պատահում: