Ռուսաստանի իշխանությունները որոշում են ընդունել երկրի ընդդիմությանը խորհրդարանական ընտրությունների ընթացքում կատարված խարդախությունների դեմ բողոքի զանգվածային ցույցի անցկացումը թույլատրելու մասին:
Ցույցի կազմակերպիչներն ուրբաթ օրը հայտնել են, որ շաբաթ օրը կայանալիք ցույցին կմասնակցի մոտ 30 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանի ընտրական համակարգը կատարյալ չէ՝ հավելելով սակայն, թե ընտրությունները լավ են կազմակերպված եղել:
Ռուսաստանի նախագահը մեջ է բերել նաև քաղաքական դիտորդների կարծիքը, որոնց համաձայն ընտրությունների արդյունքները համապատասխանել են ակնկալիքներին:
Դմիտրի Մեդվեդևը հորդորել է Ռուսաստանի քաղաքացիներին հետաքննություն իրականացնելու ընթացքում հանգստություն պահպանել և ասել, որ բողոքի ցույցերը «բնական երևույթ են», սակայն պետք է անցկացվեն օրենքի շրջանակներում:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նույն օրը խիստ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգներին՝ մեղադրելով Վաշինգտոնն ընդդիմությունը հրահրելու մեջ և ասելով, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի մեկնաբանությունները որպես «ազդանշան» են ծառայել իր ընդդիմախոսների համար:
Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանում անցկացված ընտրությունները ո՛չ ազատ, ո՛չ էլ արդար են եղել, և որ ընտրությունների արդյունքները «լուրջ անհանգստության տեղիք են տալիս»:
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը չորեքշաբթի օրը կոչ է արել անվավեր ճանաչել Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել:
Գորբաչովի համաձայն, ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, և իշխանությունները պետք է ընդունեն քվեարկության ժամանակ խարդախությունների իրականացման հանգամանքը: