ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում վերջերս հավաքվել էին տնտեսագետներ, պրոֆեսորներ, իրավաբաններ և նախկին գործադիր կառավարիչներ` քննարկելու Միացյալ Նահանգներում գործադիր ղեկավարների աշխատավարձի հարցը, այն է՝
արդյո՞ք ընկերության բաժնետերերը ձայնի իրավունք ունեն իրենց կառավարիչների աշխատավարձը քննարկելիս :
«Ամերիկացիներ ֆինանսական բարեփոխումների համար» խումբը փոփոխություններ է հորդորում ամերիկյան ֆինանսական հատվածում և այդ նպատակով կլոր սեղանի շուրջ քննարկում էր կազմակերպել Վաշինգտոնում:
Կալիֆորնիայի Ուսուցիչների կենսաթոշակային համակարգից Էնն Շիհանի խոսքերով՝ վարձատրության քննարկումներում բաժնետերերին պետք է ձայնի իրավունք տրվի:
«Ձայնի իրավունք ունենալու մեր նպատակը ընկերություններին հիշեցնելն է, որ մենք, որպես սեփականատերեր, ինչ ենք ստանում շուկայի տատանումներից», - ասում է Շիհանը:
Սակայն ոմանք կարծում են, որ ընկերությունների գործադիր կառավարիչների վարձատրության չափը պետք է շուկան որոշի:
«Բաժնետերերը միշտ էլ կարող են վաճառել իրենց մասնաբաժինը եթե կարծում են, որ գործադիր կառավարիչների վարձատրությունը շատ բարձր է», - ասում է Անհատների իրավունքի Այն Ռենդ կենտրոնի վերլուծաբան Դոն Ուաթկինսը, որի կարծիքով՝ գործադիրի վարձատրության չափը որոշելիս կառավարության միջամտություն չպետք է լինի:
«Խնդիրն այն չէ, որ այդ մարդիկ հարստանում են, այլ այն, որ նրանք այդ գումարները ստանում են, քանի որ որովհետև կապեր ունեն Վաշինգտոնում և կարող են իրենց քաղաքական ուժը կիրառել՝ հարկատուների գրպանը մտնելու համար», - ասում է Ուաթկինսը:
Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում հանրային աղմուկ բարձրացավ այն գործադիր կառավարիչների շուրջ, ովքեր բարձր վարձատրություն էին ստացել ընկերությունները փրկելուն ուղղված ամերիկացի հարկատուների վճարներից: Այդ տրամադրվածությունը կիսում են լայն տարածում ստացած «Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման ցուցարարները:
Դենվերի համալսարանից Ռոբերտ Բրաունի խոսքերով՝ գործադիր կառավարիչների վարձատրության շուրջ ձայնի իրավունք ունենալու շարժումը կարող է ազդել նաև ընկերության տնօրենների վարձատրության վրա:
«Դա մեկ այլ ոլորտ է, որտեղ կտեսնեք ափշեցուցիչ թվեր: 2010 թվականին «Էփըլ քոմփյութըրս» ընկերությունը հինգ տնօրեն ունի, որոնց վարձատրության չափը գերազանցում էր տարեկան 800 հազարը, նրանցից երկուսինը՝ մեկ միլիոնը: Հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք գործադիր կառավարիչների վարձատրության, դրա չափի շուրջ քվեների դասը կկիրառվի նաև տնօրենների աշխատավարձի նկատմամբ», - ասում է Բրաունը:
Սակայն Դոն Ուաթկինսի խոսքերով՝ այդ բարձր վարձատրվողներին թիրախ դարձնելն անարդար է:
Միացյալ Թագավորությունում երկրի գործարար քարտուղարը քննարկում է երկրում գործադիրների և աշխատողների եկամուտների անհավասարությունը մեղմելու առաջարկներ:
«Եթե նայենք Միացյալ Թագավորության փորձին, ուր այդ ամենը տարիներ շարունակ կարգավորվում էր օրենքով, այն չի ազդել գործադիրների վարձատրության կրճատման վրա: Իրականում բոնուսներն աճել են այն տարիներին, երբ բաժնետերերն ունեցել են վարձատրության չափը որոշելու մեջ ձայնի իրավունք»,- ասում է նա՝ հավելելով. «Ուստի կարծում եմ՝ պետք է հիշել, որ չնայած կարևոր է, որ բաժնետերերն ավելի մեծ իշխանություն ունենան, գործադիրի վարձատրության խնդիրը չի սահմանափակվում բաժնետերերի խնդրով: Մեզ հարկավոր է պետական քաղաքականության այլ լծակներ, որոնք վարձատրության ոլորտում կառաջարկեն առավել ողջամիտ մոտեցում»:
1980 թվականին Միացյալ Նահանգներում գլխավոր գործադիրի աշխատավարձը 40 անգամ գերազանցում էր ընկերության շարքային աշխատողի աշխատավարձին: Սակայն այսօր այն 300 անգամ ավելի բարձր է: Ըստ Անդերսոնի, այդ հսկա աշխատավարձերը կարող են գործադիրներին մղել ընկերության հասույթն ավելացնելու այնպիսի ռազմավարությունների, որոնք շատ ռիսկային են: