Մատչելի հղումներ

Մեքսիկացիներին զարմացրել է Ադրբեջանի նախագահի հուշարձանը


Ադրբեջանը 5 միլիոն դոլար չափով գումար է նվիրել Մեխիկո քաղաքի երկու զբոսայգիները վերանորոգելու համար

«Ադրբեջանի «ազգի հիմնադրի» իրական մեծություն ունեցող հուշարձանի հայտնվելը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի նրբագեղ Ռեֆորմա պողոտայի վրա՝ Մահաթմա Գանդիի, Ամբարահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների հարեւանությամբ, առաջացրել է շատերի զարմանքն ու վրդովմունքը»:

Այս մասին վկայում է «Բլումբերգ» լրատվական գործակալության կայքում հրապարակված «Ասոշիեյթիդ փրես» գործակալության հոդվածը, որի համաձայն Հեյդար Ալիևի ստալինյան ժամանակաշրջանի ոճով պատրաստված հուշարձանի մոտ տեղադրված ցուցատախտակի վրա նշված է, թե Ալիևը «աշխարհում խաղաղության համամարդկային գաղափարներին հետամուտ, հայրենիքին անսահման նվիրվածության օրինակ է»: Հեյդար Ալիևը պատկերված է նստած՝ սպիտակ մարմարից պատրաստված Ադրբեջանի հսկա քարտեզի հենքի վրա:

«Պարզվում է, որ Ադրբեջանը 5 միլիոն դոլար չափով գումար է նվիրել Մեխիկո քաղաքի երկու զբոսայգիները վերանորոգելու համար», - նշված է հոդվածում, - «ինչի արդյունքում երկու զբոսայգիներում արձաններ տեղադրելու իրավունք է ստացել»:

Հոդվածում մեջբերվում է մեքսիկացի բանաստեղծ և ակտիվիստ Հոմերո Արիդխիսի խոսքերը, որոնց համաձայն արձանի տեղադրումը «նման է Մեքսիկա տեղափոխված անձի պաշտամունքի»:

«Սա նման է Մարս մոլորակից բռնապետ բերելուն», - ասում է Արիդխիսը: «Արդո՞ք դառնալու ենք հանգուցյալ բռնապետերին նվիրված հուշարձանների տեղադրման կենտրոնը: Ո՞վ կլինի հաջորդը: Հիտլե՞րը: Ստալի՞նը»:

«Սա առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանի կողմից հասարակության հետ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը արժանանում են քննադատության», - հիշեցնում է հեղինակը՝ հավելելով. «Իրավապաշտպան կազմակերպությունները բողոքում էին Ադրբեջանում «Եվրատեսիլ» երգի փառատոնի անցկացման դեմ»:

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխթարովը սակայն պնդում է, որ «հուշարձանը նպատակ չի հետապնդում բարելավելու որևէ մեկի համբավը, քանի որ աշխարհի կողմից Հեյդար Ալիևի ընկալումը բարելավելու կարիք չկա»:

Մեքսիկայի մայրաքաղաքի մեկ այլ՝ Տլաքսքոաքե զբոսայգում Ադրբեջանի կողմից տեղադրված հուշարձանը պատկերում է սգող մի կնոջ, և նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ "Խոջալու գյուղում սպանված բազմաթիվ ադրբեջանցիների հիշատակին":

Զբոսայգում հուշարձանի տեղադրման հակառակորդները պնդում են սակայն, որ այս վայրում, որը ժամանակին օգտագործվել է որպես ոստիկանության կողմից հարցաքննումների անցկացման և խոշտանգումների վայր, տեղին կլիներ մեքսիկացիների տանջանքներին նվիրված մի հուշարձան կառուցել:

«Մեխիկոյի քաղաքագլուխ Մարսելով Էբրարդը, որն ընդունել է նվիրատվությունները և մասնակցել երկու վայրերում հուշարձանների բացմանը, անմիջապես չի արձագանքել մեկնաբանություններ ներկայացնելու գրավոր հարցմանը: Սակայն հուշարձաններից առաջինի բացման ժամանակ Էբրարդն ասել է, թե «շատ շնորհակալ ենք Ադրբեջանի Հանրապետությանը, քանզի իրականությունն այն է, որ մենք երբևէ չենք ստացել նման մեծ նվիրատվություն օտարերկրյա որևէ կառավարությունից», - եզրափակում է հոդվածը:
XS
SM
MD
LG