Մատչելի հղումներ

Սենատորներ Մենենդեսն ու Քիրքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի նոր բանաձև


Սենատոր Ռոբերտ Մենենդես (արխիվային լուսանկար)
Սենատոր Ռոբերտ Մենենդես (արխիվային լուսանկար)

Սենատորներ Բոքսերն ու Մարքին համահեղինակել են ԱՄՆ-ի նախագահին ճշմարտության հիման վրա հայ-թուրքական արդար և կառուցողական հարաբերություններ ձևավորելու կոչ անող բանաձևը

ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարք Քիրքը ներկայացրել են ԱՄՆ-ի նախագահին ճշմարտության հիման վրա հայ-թուրքական արդար և կառուցողական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ աշխատելու կոչ անող բանաձև, որի հիմքում պետք է ընկած լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության արդար ճանաչումը: Սենատորներ Բարբարա Բոքսերն ու Էդ Մարքին արդեն իսկ միացել են բանաձևին՝ համահեղինակելով այն:

Բանաձևը ներկայացնելու ընթացքում, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը զարհուրելի և փաստերով ապացուցված իրականություն է, որը երբեք հնարավոր չե հերքել:

«Այս բանաձևն ամենավճռական եղանակով վերահաստատում է, որ մենք միշտ կհիշենք այս ողբերգությունը և կհարգենք հայ անմեղ զոհ գնացած տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, որոնք սպանվել են և վտարվել իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանության մասին պետք է ուսուցանել, այն պետք է ճանաչել և պետք է հարգել դրա զոհերի հիշատակը՝ կանխելու համար նման ոճրագործությունների կրկնումը», - ներկայացնելով բանաձևը՝ ասել է սենատոր Մենենդեսը:

«Գալիք տարի լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության ականատեսը դարձած խիզախ մարդիկ այժմ չափազանց սակավաթիվ են, և նրանց թվում է Չիկագոյում բնակվող 107-ամյա Հելեն Փալոյանը, որը կորցրել էր իր հորն ու երկու եղբորը: Ցեղասպանությունը վերապրածներին ու ցեղասպանության ընթացքում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու և ամբողջ աշխարհում մարդու իրավունքի ոլորտում առաջնորդություն ցուցաբերելու համար Միացյալ Նահանգները պետք է վերջապես միանա Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ի մեր 11 դաշնակցին՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում», - շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի նոր բանաձևը ներկայացրած սենատոր Քիրքը:
XS
SM
MD
LG