Մատչելի հղումներ

Կոնգրեսականներն անդրադարձել են Քեսաբի ճգնաժամին՝ Կապիտոլյան բլուրում անցկացված ասուլիսի ժամանակ


ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ Կապիտոլյան բլուրում անցկացվել է կոնգրեսականների մամուլի ասուլիս, որի մասնակիցները դատապարտել են Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքի բնակիչների վտարումը

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ Կապիտոլյան բլուրում անցկացվել է կոնգրեսականների մամուլի ասուլիս, որի մասնակիցները դատապարտել են Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքի բնակիչների վտարումը:

Կապիտոլյան բլուրում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերականի, կոնգրեսական Շիֆի հետ միասին մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը, կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Բրեդ Շերմանը:

«Սիրիայում պատերազմի սկզբի ժամանակից ես մշտապես մտահոգություն եմ արտահայտել Սիրիայի ծագումով հայ և քրիստոնյա այլ բնակչությանը սպառնացող վտանգների կապակցությամբ», - ասել է կոնգրեսական Շիֆը: - «Այս մասին ես անմիջապես խոսել եմ նախագահ Բարաք Օբամայի հետ, և անցյալ շաբաթ այս խնդրի շուրջ հարցեր էի ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, հորդորել եմ նաև Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովին հատկացնել ժամանակ, ուշադրություն և ռեսուրսներ՝ Սիրիայի քրիստոնյա համայնքին օժանդակություն տրամադրելու համար»:

«Քեսաբի բնակիչների մեծ մասը 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Ցեղասպանության սկզբից գրեթե հարյուր տարի անց նրանց այս կերպ թիրախավորումը հատկապես մեծ ցավ է պատճառում», - ասել է կոնգրեսական Շիֆը:

Կոնգրեսական Բրեդ Շեմանն ասուլիսի ժամանակ ուղիղ կոչ է արել հետաքննելու Քեսաբում հարձակումների իրականացման մեջ Թուրքիայի ունեցած դերը:

«Գործընկերներիցս մի քանիսի հետ միասին ես հորդորում եմ հետախուզության գծով հանձնաժողովին և ԱՄՆ-ի արտգործնախարարությանը տեղեկացնել, թե ինչպիսի դեր է ունեցել Թուրքիան Քեսաբ քաղաքում էթնիկ զտումներ իրականացրած՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկիչներին ապաստան տրամադրելու մեջ: Հորդորում եմ նաև ԱՄՆ-ի արտգործնախարարությանը ձեռնարկել ավելի հեռու գնացող քայլեր, քան այս զարհուրելի իրավիճակի ճանաչումը, և տրամադրել մեզ պարզ նկարագրություն այն բանի, թե ինչպես «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբերը կարողացել են մուտք գործել Թուրքիայից Սիրիա՝ իրականացնելով էթնիկ զտումներ», - պահանջել է կոնգրեսական Շերմանը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունը մամուլի ասուլիսի ընթացքում իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի խորը ներգրավվածություն ունենա հայերին, ինչպես նաև երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով բռնությունների, ահաբեկման և իրենց տներից վտարման ենթարկվող Սիրիայի քրիստոնյա ալ բնակիչներին օգնություն տրամադրելու հարցում:

Կապիտոլյան բլուրում Քեսաբի իրավիճակի շուրջ անցկացված մամուլի ասուլիսում մասնակցություն է ունեցել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը շեշտել է, որ Քեսաբի ուղղությամբ հարձակումներն իրականացվել են Թուրքիայի տարածքից՝ Թուրքիայի զինված ուժերի օժանդակությամբ:

«Մենք պետք է որդեգրենք անհանդուրժողականության քաղաքականություն ՆԱՏՕ-ի մեր ցանկացած դաշնակցի այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք կապված են կրոնական փոքրամասնությունների ուղղությամբ հարձակումներ իրականացնող՝ «ալ-Քաիդա»-ին առնչվող խմբավորումների հետ նրանց ներգրավվածությանը: Այդ իսկ պատճառով մենք սատարում ենք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզության գծով հանձնաժողովներին Քեսաբի ուղղությամբ իրականացված հարձակումների ընթացքում Թուրքիայի ունեցած դերը հետաքննելու ուղղված կոչը: Մենք արժանի ենք իմանալու, թե արդյոք մեր դաշնակիցները, հնարավոր է՝ մեր կողմից տրամադրված սպառազինության օգտագործմամբ, գործողություններ են իրականացնում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ» - իր խոսքում պահանջել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
XS
SM
MD
LG