Լոս Անջելես եւ Նյու Յորք քաղաքներում ձերբակալվել են հայկական քրեական մի մեծ խմբի տասնյակ անդամներ, ովքեր մեղադրվում են բժիշկների եւ հիվանդների գողացված ինքնության տվյալների միջոցով պետական առողջապահական համակարգից անօրինական կերպով տասնյակ միլիոնավոր դոլարների գումարներ հափշտակելու մեջ։
Ձերբակալվածների մեջ է կազմակերպված հանցագործ խմբի պարագլուխ "օրենքով գող" Արմեն Ղազարյանը, որը հայտնի լինելով դեռեւս խորհրդային տարիներից, ապահովել է հանցավոր խմբի պաշտպանությունը։ Վերջինս Միացյալ Նահանգներ է գաղթել 1996 թվականին եւ ստացել փախստականի կարգավիճակ՝ հակառակ Հայաստան ու Ադրբեջան կատարած հաճախակի այցերին:
Միրզոյան-Թերջանյան անվանումը կրող հայկական այս կազմակերպության անդամների ձերբակալությունը տեղի է ունեցել ամբողջ ԱՄՆ-ի տարածքում առողջապահական համակարգում տեղի ունեցող զեղծարարությունները բացահայտելու ծրագրի ու սկսված արշավի շրջանակներում։
Ձերբակալություններ են տեղի ունեցել նաեւ Օհայո, Նյու Մեքսիկո եւ Ջեորջիա նահանգներում։ Ինչպես ամերիկյան The Wall Street Journal թերթն է տեղեկացնում, միայն Նյու Յորքում դատախազները գործեր են հարուցել 44 անձանց նկատմամբ, ովքեր Մեդիքեր (Medicare) պետական ապահովագրական կառույցից հափշտակել են մոտ 1ՕՕ միլիոն դոլար։
Հայ հանցավոր խմբի անդամները կիրառել են երկրի 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաեւ հազարավոր հիվանդների անուններ։
Հայ հանցագործների դեմ չորեքշաբթի օրը հարուցվել են շանտաժի դիմելու, առողջապահական համակարգում կեղծիքների, ինքնության գողության, դրամի լվացման ու բանկային զեղծարարարությունների մասին մեղադրանքներ։
Ինչպես թերթն է տեղեկացնում, դատախազներն ասում են, թե հայկական հանցավոր խմբի անդամները դրամ հափշտակելու նպատակով դիմել են նաեւ սպառանլիքների։ Նրանցից Ռոբերտ Թերջանյանը, ըստ մեղադրանքների, սպառնացել է "թափել իրեն պարտք ունեցողների փորոտիքը"։
Դատապաշտպանների անունները դեռեւս չեն հրապարակվում: