Մատչելի հղումներ

Բրեդլի Մենինգը ներողություն է խնդրել «արտահոսքի» համար


Մենինգի համաձայն, իր կողմից կատարված արտահոսքը վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին և ԱՄՆ-ի ժողովրդին

ԱՄՆ-ի զինծառայող Բրեդլի Մենինգը, որին մեղադրում են պետական գաղտնիքները բացահայտող «ՎիքիԼիսք» կայքին Միացյալ Նահանգների ավելի քան 750 հազար գաղտնի փաստաթուղթ տրամադրելու մեջ, ներողություն է խնդրել իր կողմից իրականացված գործողությունների համար՝ լրտեսության մեջ մեղադրվելուց հետո փորձելով հասնել ավելի թեթև դատավճռի:

Մենինգի գործով դատավճիռ ներկայացնելու փուլն ընթացքում է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Ֆորտ Միդ ռազմակայանում անցկացվող դատավարության ընթացքում:

25 տարին բոլորած շարքային Բրեդլի Մենինգը չորեքշաբթի օրը դադարեցրել է լռությունը և ընթերցել իր հայտարարությունը, որտեղ ներողություն է խնդրել «արտահոսքը» իրականացնելու համար, որը, իր խոսքերով, վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին և ԱՄՆ-ի ժողովրդին:

Նրա խոսքերով, ինքը հասկացել է, սակայն թերագնահատել է իր գործողությունների ավելի հեռու գնացող հետևանքները: Մենինգն ասել է, թե համոզված էր, որ իր գործողությունները կօգնեին մարդկանց՝ հավելելով, որ այժմ պետք է փոխհատուցի իր արարքի դիմաց, սակայն միաժամանակ հույս է հայտնել, որ օրերից մի օր նա կկարողանա իր կյանքում առաջընթաց գրանցել և քոլեջ ընդունվել:

Շարքային Մենինգը դիմել է դատավորին՝ որպես լավ մարդ ինքն իրեն դրսևորելու հանրավորություն տալու խնդրանքով:

Բրեդլի Մենիգի հայտարարությունից առաջ հանդես էր եկել ռազմական հոգեբույժը, որն ասել էր, թե ամբաստանյալը տառապում է մի շարք հուզական խնդիրներից, ներառյալ գենդերային ինքնության խանգարումներից և ունի աուտիզմի ախտանիշներ: Հոգեբույն ասել է նաև, որ Մենինգը տառապում է սաղմին ալկոհոլիզմից վնաս հասցնելու ախտանիշից, քանի որ նրա մայրը հղիության ժամանակ մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ էր օգտագործում:

ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերի «արտահոսքն» իրականացրած Մենինգի փաստաբանները հուսով են, որ դատավարության դատավճիռ ներկայացնելու փուլում իրենց պաշտպանյալի ներողությունն ու այլ վկայությունների միջոցով հնարավոր կլինի համոզել դատավորին, որ Մենինգը եղել է միամիտ, դեռահաս և բարին ցանկացող անձնավորություն, որը տառապել է իր վերահսկողությունից դուրս հոգեկան և առողջական վիճակներից:

Սպասվում է, որ դատավորը շարքային Մենինգի գործով դատավճիռը կներկայացնի գալիք մի քանի օրվա ընթացքում:
XS
SM
MD
LG