Մատչելի հղումներ

Ֆրանսիայում որոնում են հրեական դպրոցում սպանություններն իրականացրած հանցագործին


Ֆրանսիայում որոնում են երկրի հարավարևմտյան Թուլուզ քաղաքի հրեական դպրոցներից մեկում ուսուցչի և երեք երեխաների սպանությունն իրականացրած հանցագործին:

Երկրի հարավ-արևելյան շրջաններում հայտարարվել է ահաբեկչական վտանգի «կարմիր» մակարդակ, որն ընդամենը մեկ կետով է ցածր արտակարգ իրավիճակից:

Անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել հրեական և մահմեդական բոլոր դպրոցներում, վերահսկողության տակ են վերցվել նաև կրոնական նշանակություն ունեցող հաստատությունները:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն այցելել են Փարիզի սինագոգում երկուշաբթի երեկոյան անցկացված հոգեհանգստի արարողությունը: Երկրի հազարավոր բնակիչներ հիշատակի լուռ ցույց են անցկացրել՝ անցնելով Փարիզի փողոցներով:

Նախագահ Սարկոզին դադարեցրել է նախընտրական իր արշավը, նախընտրական արշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտնել են նաև նախագահական ընտրություններում սոցիալիստների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Հոլանդն ու աջ հայացքների հարող թեկնածու Մարի ԼեՊենը:

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել երեքշաբթի օրը մեկ րոպե լռությամբ հարգել Թուլուզ քաղաքի դպրոցում հարձակման զոհ գնացածների հիշատակը՝ ասելով, որ հարձակման իրականացման հակասեմիտական բնույթն ակնհայտ է:

Հիշեցնենք, որ երկրի հարավարևմտյան Թուլուզ քաղաքում երեք երեխա և մեկ մեծահասակ զոհվել են հրեական մասնավոր դպրոցում զինյալի կողմից երկուշաբթի վաղ առավոտյան բացված կրակի հետևանքով:

Երկրի պաշտոնյաների համաձայն, «Օզար Հատորահ» դպրոցում զինյալի կողմից բացված կրակի պատճառով զոհվել են դպրոցում դասավանդող ուսուցիչն ու չորս, հինգ և յոթ տարեկան հասակի երեք երեխա:

Ֆրանսիայի ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն, մոտոցիկլետից կրակ բացած զինյալին հաջողվել է հեռանալ, սակայն հայտնի է դարձել, որ նույն զենքից Թուլուզում և մոտակա բնակավայրում անցյալ շաբաթ իրականացված երկու հարձակումների հետևանքով զոհվել են աֆրիկյան և կարիբյան ծագում ունեցող երեք զինծառայող:

Քննիչների համաձայն, այս հարձակումներն իրականացվել են ռասիստական դրդապատճառներով:

XS
SM
MD
LG