Մատչելի հղումներ

«Global Zero»-ն հորդորում է ԱՄՆ-ին զգալիորեն կրճատել միջուկային զինանոցը


Միջուկային զենքի վերահսկողության ոլորտում գործող «Global Zero» կազմակերպությունը հորդորել է Միացյալ Նահանգների զգալիորեն կրճատել զինանոցում առկա միջուկային զենքի պաշարները:

Կազմակերպության կողմից այս նպատակով հավաքված մասնագետների հատուկ խումբը հրապարակել է զեկույց, որտեղ Միացյալ Նահանգներին կոչ է արվում նվազեցնել միջուկային զինանոցում առկա միջուկային ռազմագլխիկների թիվը ներկայիս 5 հազարից մինչև 900 ռազմագլխիկ:

Զեկույցում ԱՄՆ-ին խորհուրդ է տրվում նաև ազատվել ցամաքում տեղակայված միջմայրցամաքային բոլոր ռազմագլխիկներից՝ փոխարենը թողնելով միայն սուզանավերի կամ գործողության մեծ շառավիղ ունեցող ռմբակիր օդանավերի միջոցով տեղափոխվող ռազմագլխիկները:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Ջեյմս Քարթրայթի նախագահությամբ գործող մասնագետների խմբի համաձայն, Միացյալ Նահանգների զինանոցում ներկայումս առկա միջուկային սպառազինությունը «Սառը պատերազմի» ժամանակից մնացած՝ հնացած մտածելակերպի մաս է, որը չի նպաստում 21-րդ դարի մարտահրավերների լուծման:

«Global Zero»-ի մասնագետների խմբում ընդգրկված են Միացյալ Նահանգների անվտանգության գծով հայտնի այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին սենատոր Չաք Հեյգելը, Ռուսաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Թոմաս Փոքերինգը, ՆԱՏՕ-ի կարևոր պաշտոնները նախկինում զբաղեցրած գերենալ Ջեք Շիհանն ու միջուկային սպառազինության հարցերով ԱՄՆ-ի նախկին բանագնաց Ռիչարդ Բըրթը:

Մասնագետների խմբի վկայությամբ, միջուկային սպառազինության կրճատման արդյունքում գալիք տասը տարվա ընթացքում Միացյալ Նահանգները կարող է խնայել երկրի պաշտպանության նախարարության համար խիստ անհրաժեշտ՝ մոտ 100 միլիարդ դոլար կազմող գումար:

«Global Zero»-ի կողմից հրապարակված զեկույցը շեշտում է նաև, որ հակահրթիռային պաշտպանությունը կարևոր դեր ունի՝ Իրանի և Հյուսիսային Կորեայի նման պետությունների կողմից հրթիռային հարձակումների վտանգից Միացյալ Նահանգները պաշտպանելու գործում:

XS
SM
MD
LG