Մատչելի հղումներ

Քերրին հորդորել է Ռուսաստանին դադարեցնել զենքի առաքումներն Ուկրաինայում գործող անջատողականներին


Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ ունեցած հեռախոսազրույցում ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Արևմուտքը կավելացնի «այն գինը, որը Ռուսաստանը կվճարի՝ անջատողականների հետ կապերը չխզելու դեպքում»

Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգներն ու իր գործընկերները կավելացնեն «այն գինը, որը Ռուսաստանը կվճարի՝ Ուկրաինայի արևելք զենքի առաքումները չդադարեցնելու անջատողականների հետ կապերը չխզելու դեպքում»:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Արտգործնախարար Քերրին, բացի այդ, ցավակցություն է հայտնել Լուգանսկ քաղաքի օդանավակայանում տրանսպորտային օդանավի կործանման հետևանքով Ուկրաինայի 49 զինծառայողի մահվան կապակցությամբ:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսաստանամետ զինյալները տապալել են ռազմական տրանսպորտային մի օդանավ, ինչի հետևանքով զոհվել է 49 մարդ:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդակցությունների է հրավիրել երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նախագահ Պորոշենկոն ասել է, որ ահաբեկչական այս գործողության մեջ բոլոր ներգրավվածները պետք է պատիժ կրեն:

«Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ: Ահաբեկիչները սակայն համապատասխան արձագանքի կարժանանան», - շեշտել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայի գլխավոր դատախազության համաձայն, օդանավի 40 ուղևորներն ու անձնակազմի ինն անդամները զոհվել են շաբաթ վաղ առավոտյան Ուկրաինայի օդուժին պատկանող «Իլ-76» օդանավը ռուսաստանամետ զինյալների կողմից տապալելու պատճառով:

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինծառայողներ և նյութեր փոխանցող օդանավը տապալվել էր Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում վայրէջք կատարելու ժամանակ: Օդանավի ուղղությամբ, ըստ պաշտպանության նախարարության, կրակ էր արձակվել խոշոր տրամաչափի գնդացրից:
XS
SM
MD
LG