Մատչելի հղումներ

Քերրի. «Ռուսաստանի կողմից իր ուղին չփոխելը հետևանքներ կունենա»


Լոնդոնում կայացել է Քերրիի ու Լավրովի հանդիպումը

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին «կառուցողական և անկեղծ» է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ուրբաթ օրը Լոնդոնում անցկացված բանակցությունները՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը պատրաստ չէ որևէ որոշում կայացնելու Ուկրաինայի շուրջ՝ նախքան կիրակի օրը Ղրիմում կայանալիք հանրաքվեն:

Քերիի համաձայն, Միացյալ Նահանգները շարունակում է նախընտրություն տալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ անմիջական երկխոսությանը: Նա ասել է նաև, որ ԱՄՆ-ը օրինական չի համարում այս հանրաքվեն, որի հետևանքով Ղրիմը կարող է առանձնանալ Ուկրաինայից և միանալ Ռուսաստանին:

Արտգործնախարար Քերրին ասել է, որ ինքը կշարունակի կապ պահպանել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ, սակայն «Ռուսաստանի կողմից իր ուղին չփոխելը հետևանքներ կունենա»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին բանակցությունները «օգտակար» է անվանել՝ միաժամանակ սակայն նշելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև պահպանվում են խորը տարաձայնություններ, և որ Ռուսաստանի և միջազգային կողմերի միջև չկա միասնական մոտեցում՝ Ուկրաինային վերաբերող խնդիրների շուրջ:

«Մենք հարգանքով ենք վերաբերվելու Ղրիմի ժողովրդին կամքին», - ասել է արտգործնախարար Լավրովը՝ անդրադառնալով գալիք կիրակի Ղրիմում կայանալիք հանրաքվեին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է նաև, թե Ուկրաինայում ձևավորված ճգնաժամը «ռուսների մեղքը չէ»: Նա ասել է, որ Ռուսաստանի ուժերը չունեն Ուկրաինայի արևելյան շրջաններ ներխուժելու ծրագրեր:

Արտգործնախարար Քերրիի ու Լավրովի միջև անցկացված բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ինքը շարունակում է լավատեսություն պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու մասին:

«Հուսով ենք, որ դեռևս հնարավոր է դիվանագիտական լուծում գտնել», - ասել է Օբաման՝ հավելելով. «Միացյալ Նահանգները և Եվրոպան սակայն միասնական են ոչ միայն Ուկրաինայի ինքնիշխանության վերաբերյալ իրենց ուղերձում, այլև այն հարցում, որ եթե ինքնիշխանությունը շարունակվի խախտվել, ապա դա հետևանքներ կունենա»:
XS
SM
MD
LG