Քենիայի զորամիավորումները խորացել են Սոմալիի տարածք՝ այս պետության սահմանը «ալ-Շաբաբ» զինյալների շարժման դեմ պայքարելու նպատակով հատելուց հետո:
«Ալ-Շաբաբ» շարժման ներկայացուցիչը լրագրողների հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում հայտնել է, որ Քենիայի ստորաբաժանումները 100 կիլոմետրով խորացել են Սոմալիի տարածք և օդային հարձակումներ իրականացրել այս երկրում:
Նա ասել է, որ Քենիայի ուժերը Սոմալիից չհեռացնելու դեպքում «ալ-Շաբաբ»-ը պատասխան գործողությունների կդիմի Քենիայի տարածքի խորքում:
Սոմալիում գործող Քենիայի ստորաբաժանումների ճշգրիտ ծավալն ու գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Տեղացի բնակիչների համաձայն, նրանք տեսել են 30-ից 40 զրահամեքենայից բաղկացած շարասյուններ, որոնք երկուշաբթի օրը գտնվել են «ալ-Շաբաբ»-ի զինյալների կողմից լքված Քոհանի գյուղի մոտակայքում:
«Ալ-Շաբաբ» շարժումը հորդորել է Սոմալիի բոլոր քաղաքացիներին պաշտպանել իրենց երկիրը «թշնամուց»: Ականատեսների համաձայն, երկուշաբթի օրը զինյալների այս շարժման մարտիկների շարասյուններ շարժվել են Քիսմայո քաղաքից` Քենիայի ստորաբաժանումներին դիմակայություն ցուցաբերելու նպատակով:
Քենիայի իշխանությունները մեղադրել են «ալ-Շաբաբ» զինյալների շարժումը վերջերս մարդկանց առևանգումներ իրականացնելու մեջ: Երկրի ներքին անվտանգության նախարար Ջորջ Սաիթոթին շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ իր երկիրը պայքարելու է Սոմալիի զգալի մասը վերահսկող «ալ-Շաբաբ»-ի դեմ՝ «որտեղ էլ նրանք չգտնվեն»:
Քենիայի զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում էլ են հատել Սոմալիի սահմանը, սակայն այս անգամ ներխուժումը շատ ավելի մեծածավալ է: