Այրին ծովամրրիկը, որին ԱՄՆ-ում զոհ է գնացել 8 մարդ, մինչեւ Նյու Յորք հասնելը, կիրակի առավոտյան վերածվել էր արեւադարձային փոթորկի։ Փոթորկի պատճառով չեղյալ են հայտարարվել օդային հազարավոր չվերթներ, կանգ են առել մեծ թվով գնացքներ։
Կիրակի առավոտյան քամու արագությունը նվազել էր մինչեւ ժամում 12Օ կմի։ Քամին առավել ուժգին է զգացվելու Նյու Յորքի երկնաքերերի վերին հարկերում։ Ջրի մակարդակը բարձրացել է երկուսուկես մետրով եւ այժմ կա Մանհեթենի ցածրադիր հատվածները ջրով ողողվելու վտանգ։
Ջրհեղեղի պատճառով փակ են դեպի քաղաք տանող մետրոյի ուղիները։ Իսթ եւ Հադսըն գետերը, որոնք շրջափակում են Մանհեթընը, ողողել են քաղաքի մի շարք փողոցներ։
Մինչեւ կիրակի օրը Կանադա հասնելը, Այրինը կանցնի Նյու Ինգլընդ նահանգով։
Փոթորկի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են Մերիլենդ եւ Նյու Ջերսի նահանգների երկու ատոմակայանի աշխատանքները։
Այս պահին մոտ երկու միլիոն տուն ու ձեռնարկություն զրկված է էլեկտրականության սնուցումից։ Դելավեր եւ Վիրջինիա նահանգների որոշ հատվածներում մրրիկը վերածվել է պտտահողմի՝ ավերելով մի շարք տներ։
Կարմիր խաչի տվյալներով, շաբաթներ ու ամիսներ են պահանջվելու փոթորկի պատճառած վնասը վերացնելու համար։