Մատչելի հղումներ

«Այրին» փոթորիկն անցել է Կանադայի տարածք


«Այրին» փոթորիկն անցել է Կանադայի տարածք
«Այրին» փոթորիկն անցել է Կանադայի տարածք

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է ամերիկացիներին, որ «Այրին» փոթորկի հետևանքները «դեռ որոշ ժամանակ զգացվելու են»:

Բարաք Օբաման կիրակի օրը նշել է, որ «ամեն ինչ դեռ չի ավարտվել», և որ դեռևս պահպանվում է ջրհեղեղների և հոսանքազրկումների վտանգը: Նրա համաձայն, Միացյալ Նահանգների արևելյան ափին վերականգնման աշխատանքները կարող են տևել առնվազն մի քանի շաբաթ:

Նախագահն ավելի վաղ արտակարգ իրավիճակ է հայտարարել այն նահանգներում, որոնց տարածքով անցել է «Այրին» փոթորիկը, ներառյալ Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա և Նյու Յուրք նահանգները, որպեսզի այս նահանգների համար հասանելի դառնան դաշնային միջոցները՝ փոթորկի հետևանքները վերացնելու նպատակով:

ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի համաձայն, «Այրին» փոթորիկը թուլացել է՝ քամու արագությունը կազմում է ժամում 85 կիլոմետր, և այն երկուշաբթի օրն անցնելու է Կանադայի տարածք, որտեղ 20 սանտիմետր անձրև կարող է տեղալ Նոր Շոտլանդիա և Նյու Բրանսուիկ նահանգներում:

ԱՄՆ-ի արևելյան ափին փոթորիկի պատճառով զոհվել է 18 մարդ, որոշ ժամանակով դադարել էր ցամաքային և օդային տրանսպորտի աշխատանքը: Փոթորկի հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան չորս միլիոն տուն և ձեռնարկատիրական հաստատություն:

Սպասվում է, որ Նյու Յորքի գլխավոր օդանավակայաններն ու մետրոպոլիտենը երկուշաբթի առավոտյան կվերսկսեն աշխատանքը:

«Այրին» փոթորիկը ԱՄՆ-ի ափերին է հասել շաբաթ օրվա առավոտյան, և այդ ժամանակ քամու արագությունը կազմել է ժամում 140 կիլոմետր: Ավելի ուշ այն տեղափոխվել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի տարածք՝ ճանապարհին տապալելով ծառեր, իսկ քամին և հորդառատ անձրևը տեղական բնույթի ջրհեղեղներ են առաջացրել:

XS
SM
MD
LG