Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը դատապարտել են "Դաեշ"-ի վայրագությունները


«Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ ՄԱԿ-ի նոր զեկույցից հետո ԱՄՆ-ը դատապարտել է Իրաքում այդ խմբավորման կողմից ահաբեկչական արշավի ընթացքում իրականացված սպանություններն ու դաժանությունները։

ՄԱԿ-ի կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն «Դաեշ»-ի գործողությունների ընթացքում 19 հազար քաղաքացիական անձ սպանվել է, 3500-ը՝ ստրկացվել, 3 միլիոնը՝ տեղահանվել: ՄԱԿ-ի խոսնակ Ռավինա Շամդասանիին այս թվերը անվանել է ապշեցուցիչ, սակայն նշել, որ իրադրությունը իրականում կարող է շատ ավելի ծանր լինել: Թվերը հիմնվում են վերապրողների ու վկաների հաղորդած տվյալների վրա, սակայն շատ բռնություններ անգամ փաստագրված չեն:

«Դաեշ»-ը մասնավորապես գործադրել է ամենադաժան միջոցները մարդկանց մահապատժի ենթարկելու համար՝ կենդանի այրելով նրանց կամ մարդկանց վրայով բուլդոզերներ վարելով: Մի դեպքում անգամ մարդկանց վանդակի մեջ կողպել և նետել են ջուրը: Նրանց սպանել են չնչին պատրվակներով: Մի իմամի սխալ աղոթելու համար թրատել են: 800 երեխաներ առևանգվել են ծայրահեղականների կողմից, որոնց պարտադրվել է կրթությունը շարունակել կրոնական դպրոցներում և կռվել ճակատում իրենց շարքերում», - ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

Ըստ նրա՝ «Դաեշ»-ից տարածքները հետ գրավելուց հետո բռնությունը միանգամից չի վերանա. «Մենք նաև փաստարկված բռնությունների վկայություններ ունենք կառավարամետ ուժերի կողմից: Որոշ դեպքերում, երբ մարդիկ փախել են «Դաեշ»-ի զբաղեցրած տարածքներից,ձերբակալվել են անվտանգության ուժերի կողմից կամ արտաքսվել են», - ասել է Շամդասանիին:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին երեքշաբթի նշել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գործած բռնությունները բոլորին հայտնի են.

«Դաեշ»-ի այլասերվածության խորությունը արդեն իսկ լավ փաստարկված է, և այս զեկույցը շարունակում է ցուցադրել այն սարսափելի մեթոդները, որոնք «Իսլամական պետություն» խմբավորումը կիրառում է ահաբեկչական իր արշավում», - ասել է նա:

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Քիշիդան երեքշաբթի օրը հայտարարել է Իրաքում և Սիրիայում բռնություններից մազապուրծ փախստականներին օգնելու հավելյալ ծրագրերի մասին:

«Ի հավելումն 810 միլիոն դոլար օգնությանը, որ մենք նախատեսել ենք Սիրիայում, Իրաքում և հարակից երկրներում փախստականների ու տեղահանվածների համար, ցանկանում եմ հայտարարել հավելյալ 350 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին», - ասել է նախարարը:

Հազարավոր մարդիկ լքում են Իրաքն ու Սիրիան, եւ մինչեւ հատում են Բալկանյան թերակղզին դեպի Արևմտյան երկրներ իրենց գաղթի ճանապարհին, սառնամանիքների սաստկացման պայմաններում մնացել են անօթևան:

XS
SM
MD
LG