Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հաստատել է, որ Բաղդատի մոտակայքում անցած երկուշաբթի օրն իրականացված ավտոմեքենայի ռումբի պայթունը եղել է մահափորձ իր դեմ։
Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, թե նախնական հետաքննության արդյունքներով պարզ է դարձել, որ պայթյունը պիտի տեղի ունենար իր կողմից խորհրդարանի շենք մուտք գործելու պահին։
Իրաքի անվտանգության պաշտոնատար անձինք ասում են, թե հարձակումն իրականացնողը մտադիր է եղել պայթուցիկներով բեռնված իր ավտոմեքենան տանել խորհրդարանի շենքի մոտ եւ պայթեցնել այն՝ Մալիքիի ժամանելուն պես։
Սակայն պահակակետի սպաները թույլ չեն տվել, որ մեքենան մուտք գործի այդ հատված, քանի որ վարորդը չի ունեցել համապատասխան անցաթուղթ։ Այդ պատճառով վերջինս մեքենան պայթեցրել է խորհրդարանից հեռու, որի հետեւանքով սպանվել է մեկ մարդ։
Պայթյունն իրականացվեց այն ժամանակ, երբ շատերին են մտահոգում Իրաքի անվտանգությունն ապահովելու հարցում այս երկրի իշխանությունների հնարավորությունները։