Մատչելի հղումներ

Իրանը ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ


Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Լոնդոնում զգուշացրել է, որ եթե մեծ տերությունների հետ միջուկային գործարքից հետո Իրանի առեւտրի ծավալները չաճեն, հետևանքները իր երկրի համար ծանր կլինեն:

Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով Լոնդոնի Արքայական միացյալ ծառայությունների հաստատությունում՝ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամեդ Նահավանդյանը անկեղծ էր իր այցի պատճառների մասին:

«Միջուկային գործարքից հետո գոյություն ունի իրական հնարավորություն Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Եթե այն տեղի չունենա և նյութական արդյունքները չհաջորդեն դրան, վնասը ավելի քան ծանր կլինի», - ասել է Նահավանդյանը:

Միացյալ Նահանգները պահպանում է Թեհրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք չեն վերաբերում միջուկային ծրագրին: Նոր պատժամիջոցներ էին մտցվել անցյալ տարի Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:

Սակայն աշխատակազմի ղեկավար Նահավանդյանը մտավախություն ունի, որ միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են ԱՄՆ-ից դուրս գտնվող բանկերի մուտքը Իրան:

«Ոչ-ամերիկյան բանկերը չպետք է որևէ կերպ սահմանափակվեն Իրանի բանկերի հետ համագործակցելուց», - ասել է նա:

Անցյալ ամիս անցկացված խորհրդարանական ընտրություններն ուժեղացրել են Իրանի նախագահ Հասան Ռուհանիի դիրքերը՝ դեպի Արևմուտք պատուհանը բացելու առումով:

Քննադատները պնդում են, որ Իրանում դեռևս լայնորեն տարածված են մարդու իրավունքների ոտնահարումները: Երկիր, որտեղ դեռեւս հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, իսկ ընդդիմության գլխավոր ղեկավարները դեռևս տնային կալանքի տակ են:

Արքայական միացյալ ծառայությունների հաստատությունից Մալքոլմ Քհալմերսը կարծում է, որ բարեփոխումները Իրանում չափազանց դանդաղ են:

«Կա ակնհայտ ժողովրդական շարժում, հատկապես երիտասարդների շրջանում, որի կարծիքով պետք է ունենալ խորհրդարան ու փորձագետների խորհուրդ, որոնք արտահայտում են ժողովրդի կարծիքը և որոնք առաջնայնություն ունեն երկրի գերագույն առաջնորդի նկատմամբ», - ասել է Մալքոլմ Քհալմերս

Նահավանդյանի ելույթը ներկայացնում է միայն Իրանի տեսակետները, սակայն դիտորդների կարծիքով, դա Իրանի կողմից Արևմուտքի հետ այլ ապագա կերտելու ջանքերի մասին է խոսում:

XS
SM
MD
LG