ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ Իրանի կողմից հրթիռների արձակումը զարկ է տվել սուր քննարկումներին:
Հանրապետական սենատոր Բոբ Քորքերն ասել է, որ ինքը մշակում է Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդլայնումը, որը, իբրև անցյալ տարի կնքված միջազգային միջուկային գործարքի մաս, կասեցվել էր:
Սակայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցները նորից կկիրառվեն, եթե Իրանը ոտնահարի միջուկային գործարքը: Ըստ Քորքերի, Իրանին սանձելու լծակը կվերանա, եթե Իրանի դեմ պատժամիջոցների օրենքի գործողության ժամկետը սպառվի:
Օբամայի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով նախընտրել է չնշել իր անունը, պնդում է, որ այժմ գլխավոր խնդիր է գործարքի իրականացումը՝ հաստատելով, որ Իրանը իրականացնում է միջուկային ոլորտում իր գլխավոր պարտավորությունները: