Իրանը սպառնացել է արգելափակել նավթի առաքումը Հորմուզի նեղուցով այն դեպքում, եթե Արևմուտքի պետությունների կառավարությունները, ի պատասխան երկրում իրականացվող միջուկային ծրագրի, փորձեն պատժամիջոցներ սահմանել՝ ուղղված Իրանից նավթի արտահանման դեմ:
Իրանի ռազմական նավատորմի հրամանատարը չորեքշաբթի օրը, հանդես գալով պետական հեռուստատեսությամբ, հայտնել է, որ նեղուցը փակելը դժվար չէ, սակայն նման միջոցի դիմելն առայժմ անհրաժեշտ չէ:
Ռազմական նավատորմի հրամանատարի կողմից արված այս հայտարարությունը հետևել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմիի կողմից արված հայտարարությանը, որի համաձայն «Իրանի նավթի արտահանումն արգելելու դեպքում նավթի ոչ մի կաթիլ չի անցնի Հորմուզի նեղուցով»:
Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության վկայությամբ, Ռահիմին ասել է, թե Իրանը չի ցանկանում դիմել բռնությունների, սակայն Արևմուտքի պետությունները «չեն դադարեցնում իրենց դավադրությունների մշակումը»:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարկ Տոները որպես «սնապարծություն» է գնահատել Իրանի ղեկավարության սպառնալիքները՝ անվանելով նման մեկնաբանությունները «Իրանի կողմից միջուկային ոլորտում իր միջազգային պարտականությունների չկատարելուց ուշադրությունը շեղելու ևս մեկ փորձ»:
Եվրոպական Միության անդամ պետությունների նախարարները նախկինում տեղեկացրել են, որ Իրանի դեմ տնտեսական լրացուցիչ պատժամիջոցների, ներառյալ Իրանում արտադրվող նավթը բոյկոտելու վերաբերյալ որոշումը կկայացվի գալիք մի քանի շաբաթվա ընթացքում:
Իրանն արտաքին առևտրի արդյունքում ստացվող եկամուտների գերակշռող մեծամասնությունը ստանում է նավթի արտահանման արդյունքում, իսկ աշխարհում նավթային տանկերներով տեղափոխվող նավթի ծավալի մեկ երրորդն անցնում է Հորմուզի նեղուցով: