Սաուդյան Արաբիայում շիա կրոնավորի մահապատժի փաստն առաջ բերեց քաղաքական ու դիվանագիտական այն թաքնված հակամարտությունը, որը առկա էր Սաուդյան Արաբիայի ղեկավարած սուննի երկրների խմբավորման ու Իրանի միջև, ինչը գրեթե անհնար դարձրեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի անդամների փոխադարձ համաձայնությամբ նավթի արտադրության կրճատումը ու այդպիսով նավթի գների բարձրացումը:
Մինչդեռ Չինաստանի ու Հնդկաստանի դանդաղող տնտեսական աճը է՛լ ավելի է սնում այն մտավախությունները, որ հում նավթի պահանջարկի անկումը և մեծ առաջարկը բերելու է նավթի գների է՛լ ավելի մեծ անկման: Այն մեծապես Պարսից ծոցի արաբական երկրների, Վենեսուելայի, Ռուսաստանի և այլ երկրների կողմից նավթի գերարտադրության, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների ու ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքի վերացման արդյունք է:
Բրենթ տեսակի հում նավթի ապառիկների գինը 35,07 ԱՄՆ դոլարից իջել է 1,58 դոլարով և հասել 2004 թ-ի հուլիսից ի վեր իր ամենացածր նիշին՝ վերջին հինգ շաբաթների ընթացքում արձանագրելով մեկօրյա ամենամեծ անկումը: ԱՄՆ-ում հում նավթի ապառիկների գինը ընկել է 1 դոլար 25 ցենտով, նախորդ օրվա 79 ցենտ անկումից հետո: Նավթի գների անկումը 2014 թ-ի հունիսին առկա մոտ 115 դոլարի մակարդակից ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արտադրության հետևանքով, մի շարք արտահանողների ստիպել է մեծացնել նավթի արտադրության ծավալները, ցածր գնի հետևանքով առաջ եկած ճեղքվածքը փակելու նկատառումով: