Մատչելի հղումներ

«Guardian». Իրանը Ռուսաստանին նվիրել է ամերիկյան անօդաչու օդանավի կրկնօրինակը


«Guardian»-ի համաձայն, Թեհրանի այս քայլը նպատակ է հետապնդում ցուցադրելու, որ իր փորձագետները կարողացել են բացահայտել նման օդանավերի արտադրության հիմքում ընկած տեխնոլոգիաները և կրկնօրինակել դրանք


«Իրանը Ռուսաստանին փոխանցել է մեկ տարի առաջ ամերիկյան տապալված անօդաչու օդանավի կրկնօրինակը»:

Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում լույս տեսնող «Guardian» պարբերականը, որի համաձայն Թեհրանի այս քայլը նպատակ է հետապնդում ցուցադրելու, որ իր փորձագետները կարողացել են բացահայտել նման օդանավերի արտադրության հիմքում ընկած տեխնոլոգիաները և կրկնօրինակել դրանք՝ կազմակերպելով անօդաչու օդանավերի արտադրություն:

Իրանի լրատվամիջոցների համաձայն, «ScanEagle» անօդաչու օդանավի պատճենը Ռուսաստանին փոխանցվել է Թեհրանում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարևի և Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի «Հաթամ ալ-Անբիա» ռազմաարդյունաբերական ռազմակայանի հակաօդային համակարգերի հրամանատար Ֆարզդադ Էսմաիլիի միջև կայացած հանդիպման շրջանակներում:

«Guardian»-ի համաձայն, 2012 թվականի դեկտեմբերին Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից մեկը հաղորդել էր, որ պահակազորին հաջողվել է ձեռք բերել «ScanEagle» անօդաչու մի օդանավ: Հրամանատարը խոստացել էր կազմակերպել անօդաչու այս օդանավերի զանգվածային արտադրություն: ԱՄՆ-ի իշխանություններն այդ ժամանակ հերքել էին նման հաղորդագրությունները՝ հայտարարելով, թե ամերիկյան անօդաչու օդանավերից ոչ մեկը կորսված չի եղել:

«Guardian»-ը հիշեցրել է նաև, որ առաջին անգամ Իրանը հայտնել էր ամերիկյան անօդաչու նավ տապալելու մասին երկու տարի առաջ: Այդ ժամանակ Իսլամական հեղափոխության պահակազորը ցուցադրել էր «RQ-170 Sentinel» անվանումը կրող անօդաչու սարքը: Թեհրանը հաղորդել էր, թե այդ օդանավն իբր իջեցվել է՝ էլեկտրոնային որոշ միջոցների կիրառմամբ, սակայն Միացյալ Նահանգները տեղեկացրել էր, որ անօդաչու օդանավը պարզապես անսարք է եղել:

Այդ ժամանակից ի վեր Իրանի իշխանությունները հայտնել են անօդաչու օդանավերի ստեղծման ոլորտում առաջընթաց գրանցելու մասին և ցուցադրել ԱՄՆ-ի և Իսրայելի արտադրության մի շարք անօդաչու օդանավեր, որոնք իբր տապալվել էին Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների կողմից:
XS
SM
MD
LG